ԱՄՀ–ն բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6%

27

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ներկայացրել է World Economic Outlook-ի հոկտեմբերյան զեկույցը, որը կազմվել է կառույցի անդամ պետությունների տնտեսություններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական շուկաներում, համաշխարհային տնտեսական համակարգում տեղի ունեցող զարգացումների հիման վրա:

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ աճը 2018թ. կկազմի 6%, իսկ մյուս տարի՝ 4.8%: Գնաճի կանխատեսումները 2018թ. համար 3% է, իսկ 2019թ. համար՝ 4.4%: Եթե ապրիլ ամսվա զեկույցում 2018-ի համար ՀՆԱ իրական աճը կանխատեսվում էր 3.4%-ի սահմաններում, ապա կանխատեսումների վերանայումից հետո ԱՄՀ-ն Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ:

Թուրքիայում ՀՆԱ աճը 2018թ. կկազմի 3.5%, իսկ 2019թ.՝ 0.4%: Ռուսաստանում ՀՆԱ-ն 2018թ. կաճի 1.7, իսկ մյուս տարի՝ 1.8%-ով:

Մինչդեռ Ադրբեջանում ցուցանիշները 1.3 և համապատասխանաբար՝ 3.6% են: Հարևան Վրաստանում 2018թ. համար կանխատեսվել է 5.5, իսկ 2019թ.-ի համար` 4.8% աճ:

Տարածաշրջանային պետությունների շարքում վատագույն ցուցանիշն արձանագրել է Իրանը: Իսլամական պետությունում 2018թ. համար կանխատեսվել է ՀՆԱ-ի 1.5%, իսկ 2019թ. համար՝ 3.6% անկում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2018-19թթ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.7%, ինչը 0.2%-ով պակաս է ԱՄՀ-ի մասնագետների ապրիլյան կանխատեսումից:

Բացի այդ, նշվում է, որ աճն ամբողջ աշխարհում կլինի ոչ հավասարաչափ. որոշ երկրներ կշարունակեն ծանր ռեցեսիայի պայմաններում մնալ, մինչդեռ մյուսների դեպքում ակտիվությունը զգալի կլինի: Մասնագետների կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսական աճը մինչև 2022թ. կշարունակի նվազել:

Կառույցի մասնագետների կարծիքով՝ տնտեսական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար երկրները պետք է ամրապնդեն տնտեսության ներառական աճի ներուժը, թիրախավորեն գնաճը, ստեղծեն բուֆերներ ու պայքարեն անհավասարության դեմ:

Загрузка...