Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար մեքենան, որում կարող է գտնվել Ստամբուլում կորած սաուդացի լրագրողի մարմինը. նոր մանրամասներ

41

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործով հետաքննությունը շարունակվում է, թուրքական ոստիկանությունը, որը հակված է սպանության վարկածին, որոնում է սև բեռնատար մեքենան, որում ենթադրաբար կարող է գտնվել լրագրողի մարմինը:

Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, ներկա փուլում ուսումնասիրվում են հյուպատոսության անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը: Տարածքում աշխատած անվտանգության 150 տեսախցիկներից երկուսը հստակ ֆիքսել են լրագրողի մուտքը շենք, սակայն Խաաշկղիջիի դուրս գալը ցույց տվող որևէ տեսաձայնագրություն չկա:

Հետաքննության ընթացքում նաև պարզ է դարձել, որ գործով կասկածյալ համարվող 7 անձ, որոնք նույն օրը Սաուդյան Արաբիայից 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Խաաշկղիջիի՝ հյուպատոսարան մուտքից կես ժամ առաջ մտել են շենք և մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել ու 3 տարբեր մեքենաներով հեռացել տարածքից:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

Загрузка...