Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման դեպքում կանայք անվճար կվիրահատվեն

27

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում առողջապահության նախարարության և հայաստանյան շուրջ 4 տասնյակ բժշկական հաստատությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Նպատակ կա բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային հետազոտությունների որակը, հատկապես արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման ու բուժման ուղղությամբ: Հուշագիրը հիմք կդառնա, որ կանանց մոտ հայտնաբերված հիվանդությունների դեպքում անվճար վիրահատություն կատարվի՝ խուսափելով անդառնալի հետևանքներից:

«2015 թվականից ի վեր 30-60 տարեկան կանայք իրենց տեղամասային պոլիկլինիկաներում կարող են անցնել Պապ թեստ (Pap test), որը շատ կարևոր ախտորոշիչ, նույնիսկ կանխարգելիչ մեթոդ է արգանդի վզիկի քաղցկեղի համար: Մեր առջև դրված խնդիր ունեինք  այցելություններ շատացնել և ախտորոշման որակը բարձրացնել: Այս հուշագիրը փաստորեն լուծում է  այդ երկու հարցն էլ: Հիվանդության հաստատման դեպքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը պատրաստակամություն է վերցնում, կանանց անվճար վիրահատել: Այսկերպ կլուծվի ֆինանսական հարցը»,-ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու մինչև 2021 թվականը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով՝ հիվանդները կհետազոտվեն, իսկ արգանդի վզիկի քաղցկեղի առկայության դեպքում անվճար կվիրահատվեն:

«Մենք պատրաստ ենք օրական 5-6 վիրահատություն իրականացնել: Շատ եմ ցանկանում, որ նման ախտորոշումները քիչ լինեն»,- ասաց նա:

2015-2017 թվականներին սքրինինգային ծրագրով Պապ թեստի  հետազոտություն անցել է շուրջ 170 հազար կին, իսկ այս տավա հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ 32 հազար կին: Հետազոտված կանանց ավելի քան 6 տոկոսի մոտ արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ:
Загрузка...