Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը որպես տրանսպորտային միջոց, բայց կարող են որպես պահեստամաս ներկրել. տրանսպորտի նախարարի պաշտոնակատար

23

Օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը որպես տրանսպորտային միջոց, բայց կարող են որպես պահեստամաս ներկրել: Այս մասին զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Օրենքն արգելում է որպես տրանսպորտային միջոց այդ մեքենաների ներկրումը Հայաստան: Կարծում եմ՝ սա բազմաթիվ լուծման հնարավորություններ է տալիս, կարող են որպես պահեստամաս բերել: Հիմա օրենքով արգելված է որևէ բան բերելը, որ ձեզ ասեմ՝ ինչ եք պատրաստվում անել սրա վերաբերյալ, ի՞նչ եք անելու»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Աջ ղեկով մեքենաների ներկրման և շահագործման վերաբերյալ Հակոբ Արշակյանը` որպես տրանսպորտի նախարարի պաշտոնակատար, կարծում է, որ ՀՀ երթևեկության կահավորանքը նախատեսված է ձախ կողմում ղեկ ունեցող մեքենաների համար:

Հարցին, թե հակված են աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենքը փոփոխության ենթարկել, Հ. Արշակյանը պատասխանեց, որ օրենքի փոփոխությունն իրենից կախված չէ: «Ես կարող եմ նախաձեռնել քննարկումներ և արդեն նախաձեռնել եմ: Վաղը տեղի են ունենալու քննարկումներ, հրավիրվելու են և՛ գերատեսչություններ, և՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Սկզբում հայտարարվել էր, որ այս օրենքն ընդունվել է ժամանակավոր՝ մինչև հոկտեմբերի 1-ը, և վարորդներն արդեն գնել էին մեքենաներ, որ հոկտեմբերի 1-ից հետո արդեն աջ ղեկով մեքենաները ներկրեին Հայաստան։

Այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ ավելի քան 2000 նոր գնված մեքենաներ Վրաստանում են: Օրեր առաջ աջ ղեկով մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները, անհատները բողոքի ակցիա էին իրականացրել Բագրատաշենի անցակետում:

Загрузка...