ԸՕ փոփոխությունները երկրորդ անգամ տապալվեցին

193

 

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ է քվեարկել 62, դեմ 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայներ:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր: Նկատենք, որ ՀՀԿ-ականները պնդում են, որ առանց իրենց խմբակցության անդամների եւս հնարավոր է հավաքել 63 կողմ ձայն:

Դրանից հետո «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները նույն օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրահավաք էին կազմակերպել, եւ այսօր կրկին նույն հարցը օրակարգում էր:

ՀՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց դիրքորոշումը չի փոխել եւ դեմ է օրինագծի ընդունմանը: Ըստ էության, իշխանությունները պետք է աշխատանքներ տանեն, որ մնացած երեք խմբակցությունները մասնակցեն արտահերթ նիստին եւ կողմ քվեարկեն օրինագծին՝ 63 կողմ ապահովելու համար:

Սա նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում էին ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ (անփոփոխելի) ցուցակներով համամասնական ընտրություններ, ԱԺ անցնելու համար նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ից 4, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս: Նաեւ նախատեսվում էր, որ ԱԺ պետք է անցնի առնվազն 4 քաղաքական ուժ, սակայն 4-րդ ուժի ստացած քվեները չպետք է ցածր լինեն 2 տոկոսից: Նախատեսվում էր նաեւ, որ կանանց ներկայությունը ԱԺ-ում պետք է լինի 30 տոկոս (ներկայումս 25 տոկոս է, իսկ դե ֆակտո՝ 18 տոկոս):

Загрузка...