Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

22

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ի երեկոյան հանդիպել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին։ «Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերն սկսել հայ համայնքի հետ հանդիպումներով, քանի որ դրանք հարազատ վայրում գտնվելու զգացողություն են հաղորդում։ Կուզենայի, որ երկխոսություն ծավալվի, և լսեի ձեզ հուզող հարցերի ու Հայաստանի իշխանություններից ձեր ակնկալիքների մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Անմիջական զրույցի ընթացում խոսվել է հայ-բելառուսական հարաբերությունների, երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման գործում հայ համայնքի դերի, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների, ինչպես նաև համայնքային կյանքին վերաբերող հարցերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան – Սփյուռք հարաբերություններին, սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։

Նախագահը պատասխանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկություններ ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների մասին։

Անդրադառնալով Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությանը՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային տարբեր կազմակերպություններում և հեղինակավոր հարթակներում Հայաստանի ներկայությունը, ինչը հնարավորություն է տալու երկրին նորովի հանդես գալ միջազգային հարաբերություններում։

Համայնքի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ղեկավարության հետ նման շփումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս իրենց հայրենիքի մի մասնիկը զգալ, տեղեկանալ Հայաստանում կատարվող գործընթացներին և հնարավորինս ներգրավվել տնտեսապես ուժեղ և բարեկեցիկ հայրենիք կառուցելու գործում։




Загрузка...