«Մենք պատրաստ էինք». Արա Բաբլոյանը Մոսկվայում ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը Երեւանից տեղափոխվել է

24

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: ԱԺ-ից  հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի գործունեությունն ուղղված է պաշտպանական բնագավառում անդամ երկրների գործողությունների համակարգման ապահովմանը, այդ թվում մոդելային օրենսդրության ընդունմամբ եւ ժամանանակից օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ առաջարկությունների մշակմամբ:

«Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի՝ Երեւանից տեղափոխման կապակցությամբ: Այո, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է հանգեցնել խորհրդարանի ցրմանը, եւ, իբրեւ հետեւանք՝ արտահերթ ընտրությունների: Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտավորությունները եւ ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Այդուհանդերձ, մենք հարգանքով ենք վերաբերվում փոխհամաձայնեցված որոշմանը՝ երեւանյան նստաշրջանի անցկացման հետաձգմանը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերը կանցկացվեն Հայաստանում:

Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանզի հասարակության մեջ առկա է փոխհամաձայնություն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վեհաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաեւ երկկողմ ձեւաչափով: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ միասնական օրենսդրական աշխատանքը ՀԱՊԿ-ի խորհրդարանական բաղադրիչի ձեւաչափում կծառայի որպես խաղաղության եւ անվտանգության կարեւոր գործոն ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք նախագծեր, այդ թվում վեհաժողովի 11-րդ լիագումար նիստի օրակարգի նախագծին, ՀԱՊԿ ԽՎ-ում 2018 թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, 2016-2020 թթ. համար ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտարկման վեհաժողովի գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, 2019 թ. ընթացքում վեհաժողովի աշխատանքային պլանին, ԽՎ ֆինանսական գործունեությանը, վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող եւ այլ ընթացակարգային հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. հուլիսի 7-11-ը Բեռլինում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքները:

Загрузка...