Ի՞նչ է կատարվում կարագի ու մսամթերքի շուկաներում. Ներկայացնում է Շաբոյանը

25

Մսամթերքի շուկան մրցակցային է համարվում, հազարավոր տնտեսվարողների մասին է խոսքը, իսկ գների բարձրացման վրա ազդեցին այնպիսի գործոններ, որոնք պայմանավորված են գյուղատնտեսական ոլորտի խնդիրներով՝ կապված խոտի գների բարձրացմամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, նաեւ արտահանման ծավալների ավելացմամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ մրցակցության տեսանկյունից որեւէ խնդիր չկա:

Ինչ վերաբերում է կարագի շուկային, Շաբոյանը նկատեց, որ այստեղ եւս բազմաթիվ նոր տնտեսվարողներ են ավելացել. «Նախկինում էլ ԵՏՄ-ից սկսել էին ներկրումներ իրականացնել: Հիմա ավելի շատ են Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից: Էական փոփոխություններ կարագի շուկայում չկան: Որոշ փոքր գնային տատանումները շուկայի առաջարկով եւ պահանջարկով»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ իրենք գների զսպման գործառույթ չունեն:

«Մրցակցության պաշտպանության մարմինները գների կարգավորում եւ գների վերահսկողություն չեն իրականացնում ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: Մենք այնքանով ենք միջամտում գնագոյացման շուկաներին, որքանով դա վերաբերում է բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին: Այսինքն կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, որոնք իրենց մրցակցային առավելություններից օգտվելով կարող են չարաշահումներ իրականացնել: Բայց դա նաեւ չի նշանակում, որ բոլոր գնային փոփոխությունները չհիմնավորված են»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ կարագի գների հիմնական բարձրացումը եղել է 2016-2017 թվականներին, որը պայմանավորված էր միջազգային շուկայում գների բարձրացմամբ:

Загрузка...