ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին. Սեմերիկով

21

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը չի բացառել, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Ես չեմ բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Սեմերիկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվել կազմակերպության գագաթաժողովի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

Загрузка...