Facebook-ին մերկացրել են քաղաքական գովազդին ներկայացվող պահանջները խստացնելու խոստումը խախտելու մեջ

216

Ամերիկյան Facebook ընկերությունը չի կատարել իր հարթակում քաղաքական գովազդի ստուգման եւ զտման գործիքների կատարելագործման իր խոստումը: Այս մասին հայտնել է CNN-ը՝ այս հանգամանքի հետ կապված անհանգստություն հայտնելով ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մնացած հաշված օրեր առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Facebook-ը ապատեղեկատվությանը դիմակայելու նպատակով ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար նոր կանոններ ու պահանջներ է մշակել: Այսպես՝ քաղաքական բովանդակությամբ գովազդում պետք է նշվի, թե կոնկրետ ով է վճարել դրա համար, բայց իրականում Facebook-ի ղեկավարությունը պատվիրատուներին թույլ է տալիս ինքնուրույն ձեւակերպել այդ տեղեկությունը: CNN-ը չի գտել քաղգովազդի համար վճարող անձանց կամ կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաստիության ստուգման որեւէ մեխանիզմ:

Հեռուստաընկերությունը որպես օրինակ բերել է Facebook-ի «Ջախջախել Քրուզին» էջը, որի բովանդակությունն ուղղված էր Տեխաս նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզի՝ 2016 թվականի առաջնային ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակցի դեմ: Ծանոթագրությունում նշված էր՝ «Վճարված է «Ջախջախել Քրուզին», եւ այլեւս ոչինչ: Հոկտեմբերի 25-ին CNN-ը Facebook-ի ուշադրությունը հրավիրել է այս հանգամանքի վրա, սակայն հաջորդ օրը գովազդը դեռ առկա էր: Փոխվել էր միայն ծանոթագրությունը, որում տեղեկություն էր ավելացել այն մասին, որ հայտարարությունը «թույլատրված» չէ եւ վճարված չէ գործողությունների որեւէ կոմիտեի, թեկնածուի կամ թեկնածուի նախընտրական շտաբի կողմից»:

Հեռուստաընկերությունը սոցցանցի ղեկավարությանը երկրորդ անգամ է անհանգստացրել, որը, ի վերջո, գովազդն արգելափակել է՝ ընդունելով, որ խախտում է թափանցիկության նոր պահանջները: CNN-ը նշում է, որ այս շաբաթ Vice News լրատվական ալիքը Facebook-ից անարգել թույլտվություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսի բոլոր 100 սենատորների անունից գովազդ տեղադրելու համար: Նույն բանը տեղի է ունեցել ավելի վաղ, երբ Vice News-ը «Ով է վճարել» ծանոթագրության մեջ նշել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Facebook-ի երրորդ եռամսյակի հաշվետվության մեջ աշխարհում սոցցանցի օգտատերերի թիվը անցել է 2,27 մլրդ-ից: Եռամսյա ժամանակահատվածում, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, զուտ շահույթը կազմել է 5,14 մլրդ դոլար: Եկամուտներն անցել են 13,73 մլրդ դոլարից՝ մեծ մասամբ գովազդի հաշվին:

Загрузка...