Սևանցի ծանրամարտիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է նոր ռեկորդ

191

Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանեց հանրապետական նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղից ձգելով 303 կիլոգրամանոց ծանրաձողը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար արմինե Ղուկասյանը, նոր ռեկորդի սահմանմանը ներկա էին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, «Դյուցազնագրքի» ասոցիացիայի նախագահ և հիմնադիր, սպորտի վաստակավոր գործիչ Վարդան Թովմասյանը, պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, ով նաև նույն մարզաձևի աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն է, ուժային եռամարտ մարզաձևի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Միքայել Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի վարչության գլխավոր մասնագետ, ֆեդերացիայի նախագահության անդամ, մանկավարժական գիտությունների դոցենտ Սերգեյ Աբրահամյանը, մարզասերներ, մարզիկներ:
«Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգեց 250 կիլոգրամանոց ծանրաձողը:

Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260 կիլոգրամանոց ծանրաձողը, Վարազդատը գերազանցեց իր իսկ սահմանած 230 և 250 կիլոգրամանոց ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:

Օրն էլ վերածվեց մարզամշակութային միջոցառման` ժողովրդական պարային կատարումների և ծանրամարտի խմբի սաների ցուցադրական ելույթների ուղեկցությամբ:Վարազդատ Հակոբյանը, ում անձնական քաշը 65 կիլոգրամ է, հաղթահարեց նաև այդ մարտահրավերը և իր նոր ռեկորդը նվիրեց մարզչին` Յուրիկ Սարգսյանին, ով նոյեմբերի 1-ին նշում էր ծննդյան 78-ամյակը:

Նոր ռեկորդի սահմանումը դարձավ տոն, որը լի էր բարեմաղթանքներով, շնորհավորանքներով, պարգևատրումներով ու նվերների հանձնմամբ: Ռեկորդներին զուգահեռ՝ Սևանի մարզադպրոցում շարունակվում են ամենօրյա պարապմունքները, որոնց շնորհիվ սևանցի շատ ծանրամարտիկներ լավագույնս ներկայացնում են Սևանն ու Հայաստանի Հանրապետությունը միջազգային տարբեր առաջնություններում: Օրեր անց` նոյեմբերի 15-ին, Վարազդատ Հակոբյանը, Վահագն Միքայելյանը, Արթուր Ակիշին և Կարեն Առաքելյանը մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը, իսկ Գարիկ Ղազարյանը և Լևոն Օհանյանը պատրաստվում են մասնակցելու 2019 թվականին տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

Այժմ էլ վաստակավոր մարզիչ Յուրի Սարգսյանը և նրա սան Գառնիկ Աբրահամյանը մարզում են 45 երեխաների և պատանիների: Մարզիկների և մարզիչների կողքին է կանգնած Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ով իր ամենօրյա աշխատանքի առանցքում է պահում մարզադպրոցի գործունեությունը և աջակցում ցանկացած հարցում` պարապմունքներից մինչև մրցելույթներ»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:

Загрузка...