Գրանցված 25 հազար հուշարձանների պահպանության համար յուրաքանչյուրին տարեկան հատկացվում է շուրջ 10 000 դրամ. Լիլիթ Մակունց

16

2019 թ-ի պետբյուջեի նախագծով 15 մլրդ դրամից մի փոքր ավելին է հատկացվելու Մշակույթի նախարարությանը. Խորհրդարանում բյուջեի քննարկմանն ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Ըստ նրա՝ կինեմատոգրաֆիայի ծրագիրը նվազել է մի փոքր, ֆիլմարտադրության ոլորտում ոչ թե թվային ցուցանիշին են նայելու, այլ որակին: «Այսինքն՝ մենք որոշել ենք քանակը նվազեցնել, բայց ունենալ որակյալ ֆիլմեր»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ մարզերի մշակութային զարգացման ծրագրին են ուշադրություն դարձնելու, որի համար հատկացումները կազմելու են 270 մլն դրամ, ինչն, ըստ նրա, մեծ ցուցանիշ է:

Նա նշեց, որ գրադարանների և գրքերի համալրելու ցուցանիշն է կրկնապատկվել: «Գրադարաններն ունենալու են էլ ավելի մեծ համալրվածություն»,-ասաց նա: Հուշարձանների պահպանության ոլորտում փոփոխություն, նրա ներկայացմամբ, չկա. «Բյուջեն սահմանափակ է, և հասկանալի է, որ մեր երկրի նման մշակութային ժառանգություն ունեցող պետություններում մեծ միջոցներ են պետք բազմադարյա ժառանգությունը պահպանելու համար:

Այս առումով մեր քաղաքականությունը մի քանի ուղղվածություն ունի. առաջին հերթին գտնում ենք, որ բոլոր դրամաշնորհային նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են ընձեռնում դիմել մասնավոր սեկտորին, մենք հայտ ենք ներկայացրել՝ որպես պետական սեկտոր նույնպես դիմելու»:

Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ այս պահին ՀՀ-ում կա 25 000 գրանցված հուշարձան: «Եվ եթե դիտարկում ենք այն բյուջեն, որ այս պահին ունենք, ստացվում է՝ տարեկան յուրաքանչյուր հուշարձանին հատկացվում է 10 000 դրամ, ինչը բավարար չէ:

Առաջնահերթություններ ենք սահմանում, որպեսզի շարժվենք առաջ»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արդեն դիմել են դրամաշնորհի մեկ ծրագրի համար, որը վարկային պարտավորություն չի ենթադրում: «Երեք հուշարձանի մշակութային գոտու հետ կապված դրամաշնորհ է, 288 մլն դրամի համար, որն ավելին է, քան տարեկան բյուջեով հատկացվում է»,-ասաց նա և նշեց, որ այդ քաղաքականությունը ընթացս կշարունակեն

Загрузка...