Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, կքննարկվի կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը (տեսանյութ

21

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է ռուսական TACC գործակալությունը:

Հայտնի է, որ նիստի ընթացքում պետք է քննարկվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ինչպես նաև ստորագրվի շուրջ 20 փաստաթուղթ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը:

Ավելի վաղ «Коммерсантъ» պարբերականը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրահարույց թեմային, գրել էր, որ եթե այսօր ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշեն հերթը փոխանցել Բելառուսին՝ նոր գլխավոր քարտուղար կդառնա այդ երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հայտնի է, որ հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը, հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացյալ մեկուկես տարվա ընթացքում:

Հնարավոր է՝ մինչև 2020 թվականի մայիս կազմակերպության գլխավոր քարտուղար մնա ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

 

Загрузка...