Ապոլլո թիթեռը եւ Ոզնաթուփ մեխակի բույսն էկոլոգիական նոր գործոններ չեն հանդիսանում. ԲՆ-ը մերժել է ԲԸՏՄ առաջարկը

9

ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է սույն թվականի օգոստոս ամսին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից արված առաջարկին՝ ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար տրված թույլտվությունը: ԲԸՏՄ առաջարկել էր նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը, հաղորդում է Econews.am-ը:

Հիշեցնենք, որ խոսքը հանքավայրի տարածքում հայտնաբերված կարմիրգրքյան Ապոլլո թիթեռի եւ կարմիրգրքյան Ոզնաթուփ Մեխակի բուսատեսակի մասին է: Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում Էրիկ Գրիգորյանը հերքել էր նշված տեղեկությունը: Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ով նույնպես մասնակցել է հանքավայրի տարածքում իրականացրած ստուգման գործընթացին եւ ըստ էության կենդանին եւ թիթեռը հայտնաբերվել են հիմնադրամի մասնագետների կողմից, մեզ հետ զրույցում նշել է, որ ուսումնասիրությունները չեն արվել լիարժեք, տրամադրվել է շատ կարճ ժամանակահատված եւ մի շարք այլ խնդիրներ, որոնց պատճառով անհրաժեշտ է իրականացնել նոր ուսումնասիրություն դրա համար նպաստավոր եղանակային պայմաններում:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի գրավոր հարցմանն ի պատասխան գրել է. « Ձեր կողմից ստացված հարցմանն ի պատասխան հայտնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից ստացված գրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի N261-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը նույն վայրերում, որտեղ տեսչական ստուգման ընթացքում հայտնաբերվել էին «Ապոլոն» (Parnassius apollo) թիթեռը եւ ամենայն հավանականությամբ «Ոզնաթուփ մեխակի» (Acantholimon caryophylaeceum Bois) բույսը, ուսումնասիրել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գրությամբ ներկայացված փաստերը: Համաձայն նախարարի գրության, նշված աշխատանքային խումբը նախարարին տրամադրել է հաշվետվություն եւ եզրակացուցթյուններ, որոնց համաձայն՝

1) Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի հանքարդյունահանման համալիրի տարածքի Արտավազդես լեռան հարավային լանջը (N39.72535 E045.71833, 2961 ծ. մ. բ.) չի հանդիսանում «Ապոլոն» (Parnassius apollo) թիթեռի ապրելավայր կամ բնակատեղի:

2) Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոխարկիչի հարակից տարածքում (N39.75158 E045.64145 եւ N39.75164 E045.64075 1994 ծ. մ. բ.) չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված «Ոզնաթուփ մեխակի» որեւէ առանձնյակ եւ տարածքը չի հանդիսանում «Ոզնաթուփ մեխակի» աճելավայր կամ բնակատեղի: Նախնական գնահատմամբ հայտնաբերվել են միայն Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում չգրանցված Acanthalimon glumaceum եւ Acanthalimon Takhtajanii տեսակի մասսայական տարածված առանձնյակներ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի 2018 թվականի օգոստոսի 27-ի N16/29/231 գրությամբ ներկայացված փաստերը՝ «Ապոլոն» (Parnassius apollo) եւ «Ոզնաթուփ մեխակի» (Acantholimon caryophylaeceum Bois) տեսակների մասով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի իմաստով փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոններ չեն հանդիսանում»:

Загрузка...