Անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ հասակակցին դանակահարելու համար

11

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս անչափահաս է։

2018թ. նոյեմբերի 5-ին «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա  երիտասարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վնասվածք, ձախակողմյան պնեւմոթորաքս, կրծքավանդակի ձախ կեսի էնֆիզեմա, արտաքին արյունահոսություն, ձախ հետույքային, պոչուկային շրջանների, աջ եւ ձախ ազդրերի դրսային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Անչափահասի հայրը հաղորդում է տվել այն մասին, որ որդուն դանակահարել են:

Դեպքի առթիվ 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 17-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

«Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ անչափահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում եւ ի վիճակի չէ ցուցմունք տալ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը եւ առգրավվել:

Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել վկաներ, նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Քննությամբ  պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս անչափահաս է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Загрузка...