Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերին թույլ են տվել դպրոց հաճախել

17

Մոսկվայում 57-ամյա հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերը կարող է կրկին դպրոց հաճախել, այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Յարոսլավ Պակուլինը, փոխանցում է «360» հեռուստաալիքը:

Փաստաբանը հայտնել է, որ 17-ամյա Մարիա Խաչատուրյանին թույլ են տվել շարունակել ուսումը:

«Աղջիկների մոտ ամեն ինչ կարգին է, անցել են դպրոցական պարապմունքներին: Համենայն դեպս՝ Մարիան կարող է դպրոց հաճախել: Քույրերի առողջական վիճակը լավ է: Այժմ դեռ քննություն է ընթանում, շարունակվում են ապացույցների հավաքումն ու փորձաքննությունները»,- ասել է Պակուլինը:

Պաշտպանը հավելել է, որ տնային կալանքի տակ գտնվող աղջիկներն առաջվա պես չեն կարող օգտվել բջջայինից ու համացանցից՝ բացառությամբ ծայրահեղ դեպքերի: Նրանց թույլատրված է միայն երբեմն շփվել ամենամոտ հարազատների ու միմյանց հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող դուստրերը՝ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Քրիստինա Խաչատուրյանները, կկարողանան շարունակել ուսումը, պետական միասնական քննություն հանձնել ու վկայական ստանալ:

Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել:

Загрузка...