360 հազար աշակերտ պետբյուջեի աջակցությամբ հնարավորություն կստանա տարին 1 անգամ գնալ թատրոն, թանգարան, համերգ․ Նիկոլ Փաշինյան

26

Մեր կառավարությունը մի ծրագիր է ներկայացնում, որն, իմ կարծիքով, ռազմավարական նշանակություն ունի, այն է, որ 360 հազար աշակերտ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստանում տարին մեկ անգամ այցելել թատրոն, թանգարան համերգ։

Այսօր Գավառում Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի բացմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ շատ է քննադատությունն այն  մասին, որ մշակութային գործունեության, կրթական համակարգում ներդրում չի արվի, սակայն այս նախագիծը նա խոշոր ու կարևոր ներդրում է որակում։

«Սա շատ կարևոր ներդրում եմ համարում, քանի որ մոտավորապես 1 մլն այցելություններով մենք հնարավորություն ենք ստեղծում, որ մեր երկրում թատրոնների, թանգարանների, համերգասրահների հաճախելիությունն ավելանա։ Մենք սրանով նաև շատ մեծ ներդրում ենք անում մեր երեխաների դաստիարակության հարցում, որպեսզի նրանք արժեքային համակարգի մասով կոնկրետ դիրքորոշում ունենան»,- ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ Կառավարությունն ունի նաև «Քո արվեստը» ծրագիր, որի շրջանակում ՀՀ գրողները, երաժիշտները, արվեստաբանները կայցելեն դպրոցներ ու երեխաների հետ դաս կվարեն։ Նրա խոսքով՝ դպրոցներում կլինեն նաև կերպարվեստի գլուխգործոցների ցուցադրություններ, որպեսզի երեխաները նաև կերպարվեստի հետ շփման մեջ լինեն՝ հասկանալով արժեքը։

«Այս ամենի համատեքստում շատ կարևոր է այս թատրոնի բացումը։ Իհարկե, թատրոնի գեղարվեստական կազմը չպետք է հանդիսատես հավաքելու հույսը դնի Կառավարության վրա, բայց  համոզված եմ, որ մարզպետարանը, քաղաքապետարանը կկազմակերպեն, որ Գեղարքունիքի մարզի բոլոր աշակերտները մի տարվա ընթացքում անպայման մի այց ունենան այս թատրոն:

Հույս ունեմ, որ թատրոնի անձնակազմը պատշաճ մակարդակի ներկայացումներ կկազմակերպի, որ երեխաները սիրով գան այստեղ: Իհարկե, դա պարտադրանքով չի կարելի անել: Թատրոնը պիտի այնպիսի ներկայացումներով հանդես գա, որ երեխաները հերթ կանգնեն, թե ով ավելի շուտ այդ ներկայացումները կնայի»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ովքեր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թատրոնի նոր շենքում՝ ծանոթանալով պայմաններին։ Կառավարության անդամները խոսեցին թատրոնի անձնակազմի հետ, քննարկեցին խնդիրները, արեցին նաև խնդիրների լուծման իրենց առաջարկները։

Загрузка...