Համաշխարհային լրատվամիջոցները՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

136

Առաջատար համաշխարհային լրատվամիջոցները  անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ խոհրդարանում մեծամասնության հասնել եւ համախմբել իր իշխանությունը  խաղաղ բողոքի ցույցերից հետո, որոնք այս տարվա գարնանը իշխանափոխության հանգեցրին:

AP-ն նշում է, որ 7 ամսվա կառավարումից հետո Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում, հատկապես երիտասարդների շրջանում: Գործակալությունն ընդգծում է, որ նա արտաքին քաղաքականությունում հավասարակշռություն է պահպանում՝ Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի հետ սերտ հարաբերություններ պահպանելով:

«Մեկ ամիս տեւած արշավի ընթացքում նա նախկին էլիտայի անդամներին մեղադրեց կոռուպցիայի մեջ եւ խոստացավ նոր շունչ տալ տնտեսությանը, նոր աշխատատեղեր ստեղծել եւ ավելի շատ հայերի հայրենդարձության կոչ անել»,- գրում է AP-ն:

Բրիտանական BBC-ն իր հերթին մատնանշում է այն փաստը, որ Փաշինյանի դաշինքը  վստահ հաղթանակ տարավ եւ վերլուծաբանների կարծիքով, նա կփորձի կատարել իր խոստումները՝ լավ հարաբերություններ պահպանելով «Հայաստանի առանքային դաշնակցի՝ ՌԴ-ի հետ»: BBC-ն մեջբերում է նաեւ Փաշինյանի քննադատների կարծիքը, որոնք կարծում են, որ «անձի պաշտամունքը» կթուլացնի բազմակուսակցական ժողովրդավարությունը:

Bloomberg գործակալությունը նշում է, որ նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ոչնչացվեց եւ մեծ առավելության հասավ «թավշյա հեղափոխության» առաջնորդը:

Reuters-ը նշում է, որ նոր խորհրդարանում են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, որոնց գործակալությունը  «չափավոր ընդդիմադիր կուսակցություններ» է անվանում: «Հարավկովկասյան երկրում իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը փորձեց ԸՕ-ում փոփոխություններ նախաձեռնել, սակայն այս քայլը արգելափակեց Հանրապետական կուսակցությունը, որը գերակշռում էր խորհրդարանում»,- գրում է Reuters-ը:

Voice of America-ն Փաշինյանին նկարագրում է որպես բարեփոխիչ առաջնորդ, թերթի նախկին խմբագիր, որը ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար բանտարկվել էր:

«Նա խոստացել էր ՌԴ հետ սերտ հարաբերություններ պահպանել եւ կոռուպցիայի դեմ պայքարել: Նա նաեւ խոստացել է ուժեղացնել համագործակցությունն ԱՄՆ-ի եւ ԵՄ հետ»,- նշվում է հոդվածում:

France 24-ը նկատում է, որ եթե չլինեին արտահերթ ընտրությունները, խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է կայանային 2022 թվականին:

«Վերլուծաբանները նշում են, որ Փաշինյանը ձգտում էր նոր ընտրություններին, քանի դեռ իր ժողովրդականության գագաթնակետին է»,- գրում է France 24-ը:

Ընդհանուր առմամբ հրատարակությունները նշում են, որ «առաջնորդ եւ բարեփոխիչ Փաշինյանի» հաղթանակը սպասելի էր եւ համոզիչ:

Загрузка...