Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

203

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ:

Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան,   կծառայի տվյալ տարածաշրջանի բնակչությանը:

Վարչապետին տեղեկացվել է, որ դպրոցի շինաշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսին: Ուսումնական հաստատությունը կհամալրվի ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումն ու ընդգծել, որ դրանք պետք է պահել մշտական հսկողության ներքո:

Դպրոցը նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 432 աշակերտի համար: Վարչապետին զեկուցվել է, որ երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Դպրոցի նախկին շենքը  88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել է:  Այսօր ուսուցումն իրականացվում է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Նորակառույց դպրոցը նախատեսված է ապամոնտաժված դպրոցի տարածքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ:

Նշենք, որ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա:

Загрузка...