BBC-ն հրապարակել է հորը որոնող հայուհու պատմությունը

130

Magnum միջազգային ֆոտոգործակալության լուսանկարիչ Դիանա Մարկոսյանը Հայաստան է եկել՝ հորը գտնելու, ում ավելի քան 20 տարի չի տեսել, փոխանցում է BBC-ն:

Հայուհին 7 տարեկանում ստիպված էր հորը լքել եւ մոր հետ մեկնել Կալիֆոռնիա: Դիանան BBC-ի հետ զրույցում հայտնել է իր մանկական հիշողությունների մասին:

Նրա խոսքով՝ հայրն ամիսներով տանը չէր լինում, իսկ 1996 թվականին ինքը մոր հետ հավաքել է իրերը եւ մեկնել Կալիֆոռնիա՝ այդպես էլ հորը հրաժեշտ չտալով: Դիանայի խոսքով՝ երբ դեռեւս Մոսկվայում էին ապրում, մայրը Լոս Անջելեսի թերթին գրել էր, որ ցանկանում է Ամերիկան տեսնել:

«Մի օր առավոտյան մայրս ինձ արթնացրեց եւ ասաց. «Մենք ճանապարհորդության ենք մեկնում»: Ես հիշում եմ անվերջանալիորեն երկար այդ թռիչքը, եւ ինչպես մեր օդանավը, վերջապես, վայրէջք կատարեց Կալիֆոռնիայում, որտեղ մեզ դիմավորեց մի երիտասարդ… Ես այդ ժամանակ չէի մտածում, որ հորս այլեւս չեմ տեսնի»,- ասել է Դիանան:

Մարկոսյանը պատմել է Հայաստանում իր ճանապարհորդության մասին, երբ 2013 թվականին եկել է եղբոր հետ, որ գտնի հորը եւ իր մանկության ֆոտոպատմությունը ստեղծի: Հայաստանում նա գտել է նամակներով ճամպրուկ, որոնք նրա պապիկն ուղարկել էր Ամերիկա, որպեսզի գտնի «կորած թոռներին» (նամակները հասել էին մինչեւ Մոսկվա եւ Երեւան վերադարձել):

«Երբ կյանքը քեզ զրկում է ծնողներից մեկից, դու ամեն ինչ անում ես, որ դա ուղղես»,- ասում է Դիանան:

Загрузка...