Ավելի քան 10 մլն օրինակ. Միշել Օբամայի գիրքը հավակնում է դառնալ բոլոր ժամանակների ամենապահանջված հուշագրությունը

269

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հեղինակած Becoming գիրքը հավակնում է դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված հուշագրությունը, գրում է Daily Mail-ը:

2018թ. նոյեմբերին հրատարակված գիրքը վաճառքի դուրս գալու առաջին օրն ԱՄՆ-ում ու Կանադայում սպառվել էր 725 000 օրինակով: Վաճառքի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ: Գրքի հրատարակիչ Penguin Random House-ի տվյալներով՝ առ այսօր գրքից վաճառվել է ավելի քան 10 մլն օրինակ, այդ թվում՝ աուդիո, էլեկտրոնային գրքերի տեսքով:

Penguin Random House-ի գործադիր տնօրեն Մարկուս Դոլը նշել է, որ իրենց հրատարակած հուշագրություններից որևէ մեկը չէր վաճառվել ավելի քան 10 մլն օրինակով:

Նշվում է, որ գիրքը Հյուսիսային Ամերիկայում ճանաչվել էր 2018թ. ամենաարագ վաճառվող գիրքը: Հետաքրքրական է, որ Becoming-ը բեսթսելլեր է դարձել նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում:

Իր գրքում ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը պատմել է Չիկագոյում մեծանալու, առաջին տիկին դառնալու, նախագահի կին լինելու և երկու դուստր մեծացնելու մասին:

Հայտնի է, որ Բարաք և Միշել Օբամաները 60 մլն դոլարի պայմանագիր են կնքել Penguin Random House-ի հետ, համաձայն որի՝ նախկին նախագահական զույգը պետք է երկու գիրք գրի:

Загрузка...