Բացահայտվել է Հրազդանի կիրճում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

200

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

2019 թվականի մարտի 24-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ նախադաստակի ստորին երրորդի արտաքին մակերեսի, անոթափոսի առաջնային մակերեսի և կրծքավանդակի ձախ կեսի միջին անրակային ձևով 4-րդ միջկողային տարածությունում կտրած-ծակած մոտ 15 սմ. երկարությամբ դեպի որովայնի  խոռոչ թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչը՝ ծնված 1984թ., ով հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի  Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ՝ Երևանի մեկ այլ՝ 1978թ. ծնված բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենայի սրահում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է իր կողքի նստատեղին նստած 34-ամյա տղամարդուն:

Երևանի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Загрузка...