Քաղաքապետարանը15 նոր աղբատար մեքենա ձեռք կբերի. կառավարությունը հաստատեց նախագիծը

206

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին և հարցի քննարկումը շարունակվեց Մարությանի ներկայանալուց հետ:

Վարչապետն էլ Մարությանին ասաց, որ ներկայացնի աղբահանության ընթացիկ վիճակը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո: «Ներկայացրեք, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել, ինչպիսին է վիճակը և ինչպես եք պատկերացնում լուծումը»,- հարցրեց վարչապետը:

Մարությանն էլ ասաց՝  ի սկզբանե նախատեսված էր, որ Երևան քաղաքում պետք է լինի աղբահանության երկու օպերատոր: «Բացի «Սանիթեքից» կար շվեդական ընկերություն, որը պետք է լիներ խաղացող այս բնագավառում, այնուհետև անհասկանալի կերպով հաղթող ճանաչվեց «Սանիթեք» ընկերությունը և սկսեց իրականացնել գործունեությունը: Բնականաբար, սկզբի շրջանում ամեն ինչ նորմալ էր, որովհետև այն մեքենաները, որ իրենք բերել էին, նոր էին և անխափան աշխատում էին: Մենք գտնում ենք, որ իրենք սխալ սպասարկման պատճառով պետք է գային այն վիճակին, ինչին այսօր եկել են: Սխալ են սպասարկվել այդ մեքենաները. տեխսպասարկումն է սխալ եղել, նաև աշխատուժը՝ վարորդները, բանվորները, որոնք օգտագործում են այդ մեքենաները, բերեցին այն վիճակին, որն այսօր ունենք, սա մեր կարծիքն է»,- ասաց նա:

Այնուհետև նա նշեց, որ երբ ընտրվել է քաղաքապետ և հոկտեմբերի 15-ից անցել պարտականությունների կատարմանը. այդ պահին արդեն շատ վատ վիճակում էր Երևան քաղաքի աղբահանությունը: «Մենք մի քանի ամսվա մեջ բերեցինք նորմայի, իրենց հետ գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատելով, համոզելով և հորդորելով, որպեսզի  իրենք ենթակապալառուներ վերցնեն և փոխեն իրենց գործառույթը, որովհետև ֆիզիկապես չէին հասցնում Երևանում կուտակված աղբի տեղափոխումը դեպի աղբավայրեր»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ որոշ ժամանակով իրավիճակը շտկվեց, բայց  մյուս խնդիրները լուծելու պահանջին ի պատասխան ընկերությունից նշեցին, որ ֆինանսական ճգնաժամի մեջ են:

«Կանխազգալով, որ այսօրը գալու է, իրենց մեքենաները փչանալու են, չեն կարողանալու իրենց պարտականությունները կատարել, մենք մրցույթ էինք հայտարարել 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար»,- նշեց Մարությանը:

Մարությանը տեղեկացրեց, որ իրենց մրցույթը բողոքարկվել է, իրենք էլ իրենց հերթին վիճարկել են բողոքարկումը: «Գտնում ենք, որ դա անհիմն էր, դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը: Մենք շարունակում ենք մրցույթի  պրոցեսը, մեքենաները կլինեն հունիս-հուլիսին: Դրա համար, որպեսզի գոնե մինչև այդ ժամանակ մի փոքր շտկենք այս վիճակը, կառավարությանը խնդրում ենք մի քանի մեքենաների ձեռքբերել հիմա»,- ասաց նա:

Մարությանը նկատեց, որ եթե այս պահին կառավարությունը որոշումը ընդունի, տարբեր դիլերների մոտ պետք է փնտրեն՝ արդյոք կա՞ն այդպիսի մեքենաներ, որովհետև այդպիսի մեքենաները պահեստներում չեն լինում: «Դրա համար էլ կփորձենք գտնել որոշակի քանակ, որ բերենք: Վստահ եմ կգտնենք և դրանք հնարավոր կլինի երկու շաբաթվա մեջ բերել, որպեսզի շտկենք իրավիճակը»,- ասաց նա:

Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք կրիտիկական է աղբահանության խնդիրը Երևանում: «Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկական 2012 թվականի Նեապոլի վիճակն էր: Ես լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք: Եկար ճանապարհ ունենք մինչև կրիտիկականը, հուսամ՝ չենք հասնի այդտեղ»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ «Սանիթեք»-ի մեքենաները շատ վատ վիճակում են, և վիճակը հնարավոր է սրվի,  որովհետև հավանական է, որ բոլոր մեքենաները միաժամանակ փչանան:

«Օր առաջ այդ նոր մեքենաները մեզ պետք են»,- ասաց Հայկ Մարությանը:

Նա նշեց, որ արդեն փետրվարին մրցույթ էին հայտարարել՝ հաշվի առնելով, որ ձմռանն էլ «Սանիթեքը» հնարավոր է թերանար: «Անձամբ գնացել եմ իրենց պարկը հետազոտելու և հաշվարկ ենք արել, որ  այն մեքենաները, որ ունեն, նույնպես չեն հերիքելու, փորձագետներն ասել էին, որ բուռն ձմեռ է լինելու»,- ասաց նա:

Վարչապետն էլ կատակեց. «Ասել էին բուռն ձմեռ է լինելու, Դուք գնացիք ձնամաքրման մեքենաներ գնեցիք, հիմա հույս ունեմ՝ երբ աղբատար մեքենաները բերեք, աղբը ինքնամաքրման հատկություններ չի ունենա»:

Ի վերջո, հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով, քաղաքապետարանը 15 աղբատար մեքենա ձեռք կբերի:

Загрузка...