Ուկրաինայում հաշվել են քվեաթերթիկների 70 տոկոսը. Զելենսկին հաղթում է 73 տոկոս ձայներով

45

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 22-ի ժամը 05.00-ի դրությամբ հաշվել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների էլեկտրոնային արձանագրությունների 70,33 տոկոսը, հաղորդում է 112.ua:

Ըստ այդմ, Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների շուրջ 73 տոկոս ձայները: Գործող նախագահ Պորոշենկոն ստացել է 24,66 տոկոս ձայն:

Մշակված արձանագրություններից պարզ է դառնում, որ քվեաթերթիկների  2,32 տոկոսը անվավեր է:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն:

Նշենք, որ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո Պորոշենկոն ընդունել է իր պարտությունը, սակայն նշել, որ շարունակելու է մնալ մեծ քաղաքականությունում:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն արդեն շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ուկրաինայի համար վճռորոշ օր է: Ազատ ընտրություններ եւ իշխանության խաղաղ փոխանցում՝ ահա ուժեղ ուկրաինական ժողովրդավարությունը: Շնորհավորում ենք Վլադիմիր Զելենսկիին: ԵԽ-ը վճռական է շարունակելու իր աջակցությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես շնորհավորել է Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին ուկրաիներեն արված թվիթերյան գրառման միջոցով: «Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-գրել է նա:

 

Загрузка...