«Վերջին զանգը» կհնչի մայիսի 24-ին, ոչ թե 25-ին. ու նաեւ ինչու 9-րդցիների պատասխանների ձեւաթուղթը չի պատճենահանվելու

12

Հայաստանյան դպրոցներում այս տարի «Վերջին զանգը» կնշվի մայիսի 24-ին՝ չնայած տարածված տեղեկություններին, թե ավարտական այդ միջոցառումն անցկացվելու է ամսի 25-ին՝ շաբաթ օրը, ինչն ի դեպ, հասցրել էր դժգոհությունների ալիք առաջացնել: Շատերն ասում էին, որ ավարտական տոնախմբությունը նախատեսել են ուրբաթ, ռեստորանում տեղեր են ամրագրել, ու հիմա ստացվում է, որ այդ արարողությունը ավելի շուտ է լինելու, քան «Վերջին զանգը»:

«Քանի որ ուսումնական պլանում նշվում է, որ հնգօրյա դպրոցներում դասերը ավարտվում են ամսի 24-ին, վեցօրյաներում՝ ամսի 25-ին, այդտեղից է նման կարծիք առաջացել, բայց բոլորին արդեն տեղեկացվել է, որ վերջին զանգը հանրապետությունում կհնչի մայիսի 24-ին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նա նաեւ նկատեց, որ դպրոցի ավարտական միջոցառմանը նախորդող դրամահավաքների վերաբերյալ ավանդական ահազանգերը շեշտակի նվազել են: Հայտնի է, որ ամեն տարի այս ժամանակահատվածում ծնողները կանգնում էին աստղաբաշխական գումարներ հավաքելու բարդ խնդրի առաջ. կա՛մ պետք է մերժեին, կա՛մ էլ հոգային մեծամեծ նվերների եւ ճոխ միջոցառումների ու երեկույթների ծախսերը:

«Նախորդ տարիների համեմատ աննախադեպ քչացել են թեժ գծերով ստացված դիմում բողոքները: Այս ամբողջ ժամանահատվածում մոտավորապես 5-6 նման ահազանգ ենք ստացել՝ նախկին 200-300-ի փոխարեն»,- ասաց վարչության պետը՝ հավելելով. «Մի բան կարող ենք փաստել, որ դպրոցի մասնակցությամբ որեւէ դրամահավաք տեղի չի ունենում: Սա իսպառ վերացել է: Եթե ծնողները իրենց երեխաների համար հագուստի կամ այլ նպատակով գումար են հավաքում, դա արդեն ծնողական հանրույթի գործն է: Բայց նաեւ ծնողական հանրույթին ենք կոչ արել, որ որեւէ միջոցառում կազմակերպելիս պետք է բոլորի շահերը համընկնեն: Այսինքն՝ պետք է այնպես չլինի, որ որեւէ մարդ դրան համաձայն չլինի, որեւէ պարտադրված բան չի լինելու, որովհետեւ ծնողական համայնքը նրա համար չէ, որ միայն միջոցառում կազմակերպի ու դրամ հավաքի: Ինքն ավելի լուրջ գործառույթ ունի դպրոցում, ինքը առհասարակ պետք է դպրոցում վերհանի այն խնդիրները, որոնք հուզում են իրենց, իրենց երեխաներին՝ կրթությունն ավելի լավացնելու համար եւ պետք է ապահովի դպրոց-ծնող կապը»:

Կրթության եւ գիտության նախարարությունը այս տարի եւս նաեւ մարզպետարանների միջոցով կոչ է արել հանրակրթական դպրոցներին՝ ավարտական միջոցառումների ժամանակ խուսափել ճոխություններից: «Նորից կոչ ենք արել, որ զերծ մնան դրանից, այդ միջոցառումները կազմակերպեն տոնի իրական կոչմանը համապատասխան: Ես կարծում եմ՝ որեւէ միջոցառում կազմակերպելու համար մի քանի զրոներով դրամ հավաքել պետք չէ: Դա կարելի է անել ավելի համեստ, ավելի զուսպ: Պետք չէ, որ սցենարներ գրվեն, լիմուզիններ գան: Դա տոն է, բոլոր շրջանավարտների տոնն է, եւ յուրաքանչյուր երեխա այդ օրը պետք է լինի ուրախ, տոնին համահունչ»,- ասաց Աշոտ Արշակյանը:

Բացի ավագ դպրոցի 12-րդ դասարանցի շրջանավարտները, ավարտական միջոցառումներ անցկացնելու են նաեւ հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները: Այս տարի, սակայն, նրանք հայոց լեզվի քննությունը պետք է հանձնեն կենտրոնացված քննակարգով, այնպես, ինչպես միասնական քննությունները: Կրթության եւ գիտության նախարարությունում չեն կարծում, որ դասապրոցեսն ավարտելու եւ քննության օրվա միջեւ միայն մեկ օրը կարող է բավարար չլինել, որ երեխաները հասցնեն պատրաստվել մայիսի 26-ին նշանակված այդ քննությանը, տրամադրվեն, մտքերը ժողովեն:

«Պատրաստվելու խնդիր չկա, ուսումնական ծրագրի ամբողջ նյութը իրենք յուրացրել են: Ուրիշ բան, եթե մենք քննություն նշանակեինք մայիսի 22-ին, 23-ին, կարող էին հարց տալ, որ երեխաները ծրագրային նյութը չեն յուրացրել: Եվ ավելին, կես տարի առաջ արդեն պարզ էր, որ քննությունները լինելու են կենտրոնացված, իսկ երեք ամիս առաջ հայտնի է եղել օրը»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Բայց օրինակ որքան էլ 9-րդ դասարանցիները հայոց լեզվի քննությունը հանձնելու են կենտրոնացված, նրանք թեստերի պատասխանների ձեւաթուղթը չեն պատճենահանելու, ինչն արվում է միասնական քննությունների ժամանակ: Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դա պարզաբանում է՝ նշելով. «Ըստ կառավարության 12.04.2012թ. թիվ 597-Ն որոշման՝ միասնական քննություններ հանձնողները՝ 12-րդ դասարանն ավարտողները, քոլեջների շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները եւ այլն, այսինքն՝ բուհերի դիմորդները, քննության պատասխանի ձեւաթղթերը պատճենահանում եւ քննասենյակից դուրս գալիս վերցնում են իրենց հետ: 9-րդ դասարանի հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունները կարգավորող՝ կրթության եւ գիտության նախարարի հրամաններից ոչ մեկը նման գործառույթ չի նախատեսում՝ ոչ 388-Ն-ը, ոչ էլ 152 Ա/2-ը: Հիշեցնենք, որ կենտրոնացված քննության թեստում կա շարադրության տարրեր պարունակող առաջադրանք, որը, անգամ քննասենյակից դուրս գալիս ձեւաթուղթը պատճենելու դեպքում, ստուգված չի լինելու: Քննության ավարտից անմիջապես հետո քննական կենտրոնում այն ստուգելու են հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար վերապատրաստված ստուգողները: Հետեւաբար, անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձեւաթուղթը»:

Ըստ գնահատման եւ թեստավորման կենտրոնի՝ աշակերտներն իրենց ձեւաթղթերի ՝ շարադրության ստուգված մասով սքանին կկարողանան ծանոթանալ արդյունքների հրապարակումից հետո քննության յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին՝ իրենց դպրոցներին տրամադրված կոդերով, իսկ քննության արդյունքի բողոքարկումը կարող են անել քննության արդյունքի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին:

Загрузка...