Տավուշի մարզում 2018-ին ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում սա կրկնապատկելու ենք. մարզպետ

13

Եթե Հայաստանում եղել ես, բայց Տավուշում չես եղել, ուրեմն Հայաստանում չես եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով, իրենց նպատակը եղել է այնպիսի մեխանիզմերի ներդրումը, որով կկարողանան ի կատար ածել իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր. «Ամենամեծ ձեռքբերումը, որ մենք ունենք, դա մարզի ամբողջ մարդկային ներուժի ներգրավումն է մեր ծրագրերի մեջ»:

Չոբանյանը նշեց, որ առաջիկա մի քանի տարիներին Տավուշի հիմնական ներդրումային հնարավորությունները գյուղատնտեսության ոլորտում կլինեն. «Մենք օգտագործում ենք մեր գյուղատնտեսական ներուժի չնչին տոկոսը։ Մենք մեր զարգացումը եւ տնտեսության զարգացումը, մարզի եւ հայրենիքի զարգացումը դիտարկում ենք կենսական արժեշղթայում, առաջին կետից մինչեւ վերջին կետը պետք է տեսանելի լինի մեզ համար։  Դրվագային, որեւէ ներդրում մենք իրավունք չունենք թույլ տալու, որովհետեւ մենք դրանով կարող ենք պոտենցիալ ներդրողի համար վաղը, մյուս օրը խնդիր ստեղծել»,– ասաց Չոբանյանը։

Մարզպետի խոսքով բոլոր ոլորտներում արմատական փոփոխություններ են արվում, դրանցից ամենաառաջնայինը ոռոգվող տարածքների ընդլայնումն է։

«2018թ.–ին մենք ոռոգել ենք 4500 հա տարածք, առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք սա կրկնապատկելու ենք։ Նախորդ 5 տարիների ընթացքում գրեթե փոփոխություն չի եղել այդ թվի մեջ։ Մեր հավակնությունը կրկնապատկելն է։ Դա նշանակում է, որ ըստ էության մենք կրկնապատկելու ենք մեր առաջադեմ գյուղատնտեսությունը, որովհետու առանց ոռոգման առաջադեմ գյուղատնտեսություն չի լինելու։ Գյուղատնտեսությունը եռապատկելու ենք, քառապատկելու ենք»,– ասաց մարզպետը։

Նրա խոսքով մշակել են տարբեր ծրագրեր, որոնցով կզարգանա գյուղատնտեսությունը. «Դրանք ցեղական անասնապահության ծրագրեր են, նոր շատ արդյունավետ մշակաբույսերի ներդրման ծրագրեր են, արեւադարձային այգեգործության ծրագրեր են, որի արդյունավետությունը կամ եկամտաբերությունը ավանդական մշակաբույսերին գերազանցում է տասնապատիկ անգամ»,– ասաց մարզպետը։

Загрузка...