Մեկ շաբաթում «911» ծառայությունը ստացել է 15094 զանգ, գրանցվել է 108 արտակարգ դեպք. խորհրդակցություն ԱԻՆ-ում

42

Մայիսի 17-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ պարբերաբար անցկացվող խորհրդակցություններում ամփոփվում են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվում են նոր հանձնարարականներ:

ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երեւան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցել են մայիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական եւ այլ աշխատանքների մասին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Մկրտչյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 15094 զանգ, 612 դեպք-պատահար, որից 108-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արեւիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 զանգ, որից 7-ը՝ Երեւանից, 1-ը՝ Տավուշի մարզից, եւս մեկ զանգ ստացվել է չճշտված հասցեից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական 6 հետազոտություն:

Ըստ Արեւիկ Երիցյանի զեկույցի՝ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժինը պլանավորում է թրեյնինգային ծրագիր իրականացնել ԱԻՆ աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար: Ծրագրի նպատակն է նպաստել մտավոր եւ հուզական ներդաշնակ զարգացմանը, ինքնակազմակերպման կարողությունների ձեւավորմանը, ուշադրության զարգացմանը, ինչպես նաեւ անձնային աճին եւ հուզական ոլորտի կայունացմանը:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներում ընթացող շինարարական աշխատանքներին, ՀՓՋ-ների պլանային եւ անակնկալ ստուգայցերին, հիդրատների վիճակին, համազգեստի բաշխմանը եւ կրմանը, կամավորական հենակետերի կազմավորման հետ կապված հարցերին:

Загрузка...