ՀԱՕԿ-ը ոչինչ չի պարտադրում. Հրաչյա Ռոստոմյան

80

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը:

Խաղերի ծրագրում ընդգրկված է նաև բռնցքամարտը, սակայն այստեղ մարզիկները չեն մասնակցում ուղեգրերով, քանի որ վերջինս խաղերի ծրագրում ընդգրկված է որպես Եվրոպայի առաջնություն: Կազմ ընտրելը մեծ աղմուկ է բարձրացրել բռնցքամարտիկների շրջանում։ Ստեղծված իրավիճակը ՀԱՕԿ լրատվականի հետ պարզաբանել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։

-Պարո´ն Ռոստոմյան, Խաղերին մասնակցող բռնցքամարտիկների ընտրության շուրջ կրքերը բորբոքված են։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեղադրում է ՀԱՕԿ-ին կազմ որոշելու և մարզիչներին պարտադրելու մեջ։

– Նախ ասեմ, որ Խաղերին մարզիկներին հավատարմագրելու և հայտերը ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին: Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում տեղի ունեցած ոչ լեգիտիմ գործընթացները և այն, որ ՀԱՕԿ-ը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ գտնելով, որ վերջինիս նախագահի ընտրությունը խախտումներով է եղել, ինչի հետևանքով էլ  դադարեցվել է վերջինիս անդամակցությունը ՀԱՕԿ-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ վերոնշյալ հայտարարությունը կարելի է հեշտությամբ որակել որպես դիլետանտական: Այնուամենայնիվ, ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից՝ երկիրը միջազգային արենաներում լավագույնս ներկայացնելու մղումով,  Եվրոպական խաղերին մեկնող Հայաստանի հավաքականի կազմը որոշելու համար ՀԱՕԿ-ը հրավիրել էր հանդիպում՝ երկու ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ էլ, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց թեկնածուներին և, ընդհանուր հայտարարի գալով, կազմ հայտարարեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու ֆեդերացիաների տված հայտացուցակները և որոշվել է, որ յուրաքանչյուր ֆեդերացիա ներկայացնող լավագույն 5 բռնցքամարտիկները պետք է ընդգրկվեն Մինսկ մեկնող ընտրանու կազմում:

-ՀԲՖ-ն հայտարարություն է տարածել, որ քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը։ Ճի՞շտ է այդ պնդումը։

-Ո՛չ։ ՀԲՖ-ն կրկին իր ամպլուայի մեջ է՝ ներկայացնելով մտացածինը իրականի փոխարեն: Մայիսի 20-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում կայացած հանդիպմանը ինձնից բացի մասնակացել են  ՀԱՕԿ սպորտի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բռնցքամարտի պատասխանատու Թաթուլ Հովհաննիսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի խորհրդական Արման Հարությունյանը,  բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը, երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը, մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանը և Ռոբերտ Պետրոսյանը:

-ՀԲՖ-ն հայտարարել է, որ մյուս ֆեդերացիայից հայտավորված մարզիկները չեն մասնակցել Հայաստանի առաջնությանը և նրանք հավաքականի անդամներ չեն, ուստի իրավունք չունեն մասնակցելու Խաղերին։

-Մեկ ճշտող լրացում՝ ոչ թե չեն մասնակցել, այլ նրանց չեն թողել մասնակցել: Այո՛, առաջարկվել է, մարզիչը պնդել է, որ տղաներն ընդգրկվեն հավաքականում, քանզի ուժեղ, պինդ տղաներ են և արժանի են լինել հավաքականի կազմում: Սակայն անմիջապես երեկոյան մարզիչը բջջային հաղորդագրություն է ուղարկել, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արգելել  է մարզիկներին ընդգրկվել հավաքականի կազմում, կամ էլ պիտի կրկին գան ու նույն փաստաթուղթը ստորագրեն: Բջջային հաղորդագրությունը ես, իհարկե, պահպանել եմ: Տղաները անցել են բոլոր ուսումնամարզական գործընթացները: Յուրաքանչյուրը Ա-դասի երեք մրցման է մասնակցել:  Սա լիովին բավարար է նրանց հավաքականի կազմում ընդգրկելու հնարավորության համար:

Մարզիկները ասուլիսի ժամանակ հայտարարել ենոր կբոյկոտեն Խաղերը։ Այս մասինի՞նչ կասեք։

-Մարզիկներին հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս զբաղվել միայն և միայն իրենց գործով՝ սպորտով: Նրանք ոչ թե ֆեդերացիա են ներկայացնում, այլ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հարգելի՛ մարզիկներ և մարզիչներ, մի՛ տրվեք սադրանքների, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Ինչ-որ տեղ ես կիսում եմ նրանց մտահոգությունը, սակայն այս իրավիճակի համար պատասխանատուն ոչ թե ՀԱՕԿ-ն է կամ անձամբ ես, այլ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օրինազանց նախագահը, ով նույնիսկ նպատակահարմար չի գտել այստեղ լինել: Իրավիճակը սրման է տանում միայն ՀԲՖ-ի ոչ լեգիտիմ, կեղծ նախագահը:  Վերջիվերջո, ՀԱՕԿ-ը իր տարիների աշխատանքով ապացուցել է, որ իր համար առաջնայինը սպորտն է, այլ ոչ թե` ֆեդերացիաները՝ տվյալ դեպքում բռնցքամարտը:

-Կազմը, այնուամենայնիվ, որոշվե՞լ է։

-Այո՛, հայտերն արդեն ուղարկված են։ Երկրորդ Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսեսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ): 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը խաղերին մասնակցում է անվանական հրավերով:  Մրցատեղի կմեկնեն բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Ռոբերտ Պետրոսյանը:

Загрузка...