Թրամփը նշել է Իրանի հետ բանակցությունների պայմանները

46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, դրական կընկալի այդ առաջարկությունը։ ԱՄՆ նախագահը նման հայտարարություն է արել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ երկկողմ հանդիպումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով China Global Television Network (CGTN)-ին։

«Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի տեղի ունենան ահավոր բաներ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը՝ ենթադրելով, որ Թեհրանը «բանակցություններ է ցանկանում»։

Վերջին ամսվա ընթացքում իրավիճակը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերություններում զգալի սրվել է։ Ամերիկյան իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են մտցրել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների հանդեպ եւ շարունակում են ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը։ Վաշինգտոնի հայտարարված նպատակն է «փոխել Իրանի Իսլամական Հանրապետության վարքը»։ ԱՄՆ-ը նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել  ահաբեկչական կազմակերպություն։ Ի պատասխան՝ Իրանը ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դրանից հետո տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Իրանի ափերի մոտ կուղարկի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը եւ ռմբակոծիչներ։ Նրա խոսքով՝ այդկերպ Վաշինգտոնը «պարզ ու անսխալ ազդանշան է ուղարկում իրանյան ռեժիմին այն մասին, որ ցանկացած հարձակում Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի վրա կհակադարձվի անխնա ուժով»։

Загрузка...