Հայաստանում զոհված զինծառայողը 1.5 տարի առաջ էր ՌԴ–ից վերադարձել. մանրամասներ

39

Արմանը բանակ գնացել, եկել ու մեկնել էր Ռուսաստան` հորեղբոր տղաների հետ աշխատելու։ Տղայի գործն այնտեղ վատ չէր, բայց հայրն ուզել է, որ որդին հայրենիք վերադառնա։

Երեկ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը Լոռու մարզից էր, Վանաձոր քաղաքից։ Այդ մասին զրույցում լուրը հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Դժբախտ դեպքը պատահելուց մեկ օր առաջ տղան Վանաձորում էր… Նա ապրում էր ծնողների ու երկու քույրերի հետ։ Խելոք, համեստ տղա էր»,–ասաց Ասլանյանը։

Նա հայտնեց նաև, որ Արմանը բանակ գնացել, եկել ու մեկնել էր Ռուսաստան` հորեղբոր տղաների հետ աշխատելու։ Տղայի գործն այնտեղ վատ չէր, բայց տղայի հայրն ուզել էր, որ Արմանը հայրենիք վերադառնա, իր «աչքի առաջ» լինի։ Ասլանյանը նշեց, որ հայրը երկար տարիներ աշխատում է Պետական պահպանության ծառայությունում ու բոլորի կողմից հարգված աշխատակից է։

«Արմանը 1.5 տարի առաջ էր Հայաստան վերադարձել ու անցել պայմանագրային ծառայության»,– ասաց Ասլանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։

 

Загрузка...