Եռաբլուրում ապրիլյան հերոսների շիրմաքարերը պղծել են, ոստիկանությունը զբաղվում է եղելությունը պարզելու ուղղությամբ

51

Ռազմիկ Գասպարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում Եռաբլուրից տեսանյութ էր հրապարակել  որտեղ ապրիլյան պատերազմի մի շարք հերոսների շիրմաքարերը կիսով չափ վնասել էին: «Չգիտեմ՝ ինչ բառերով նկարագրեմ, չգիտեմ՝ ոնց արտահայտվեմ։ Սա, մեղմ ասած, անմարդկային է։ Ո՞նց կարելի է էդքան անհասկացող ու ցածր լինել։ Սա անպատիժ թողնելը հավասար է դավաճանության»,- տեսանյութին կից գրել էր Ռազմիկ Գասպարյանը։

Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասատրյանը, մեզանից տեղեկացավ, թե ինչ վանդալիզմ է տեղի ունեցել Եռաբլուրում։

«Ես հենց հիմա կգնամ Եռաբլուր, ո՞վ է արել, ո՞վ է համարձակվել, թող ցույց տան անողին, աչքերը կհանեմ։ Այս աշխարհում այդպիսի սրբապիղծ մարդ կա՞, որ մեր երեխեքի շիրիմներին մատով կպնի»,- ասաց տիկին Նարինեն։

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն տեղեկացել է, որ որդու շիրիմը վանդալիզմի է ենթարկվել, բայց թե ինչո՞ւ և ո՞ւմ կողմից՝ չգիտի։

«Այս պահին երեխային եմ հիվանդանոց բերել, չեմ կարող այնտեղ գնալ, բայց ուզում եմ պատասխան տան, թե ո՞ւր են ոստիկանները, ո՞ւր են պահակները, ինչո՞ւ են նման բան արել։ Ինչ-որ մեկին չեմ կասկածում, որ ասեմ՝ հենց ինքն է արել։ Ինձ թվում է, ինչ արել են, երեկոյան ժամին են արել։ Եռաբլուրից ինձ ասացին, որ հալված մոմ են լցրել քարերին»,- ասաց Հ. Ներսիսյանը։

168.amը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե դեպքի առնչությամբ որևէ տեղեկատվություն ունե՞ն, թե՞ ոչ։

Աշոտ Ահարոնյանը միայն տեղեկացրեց, որ ոստիկանապետը հանձնարարել է Երևան քաղաքի վարչությանն ուսումնասիրել և պարզել եղելությունը։
«Այս պահին՝ միայն այսքանը»,- եզրափակեց Ա.Ահարոնյանը։

Չգիտեմ՝ ինչ բառերով նկարագրեմ, չգիտեմ՝ ոնց արտահայտվեմ։ Սա մեղմ ասած՝ անմարդկային է։ Ո՞նց կարելի է էդքան անհասկացող ու ցածր լինել։ Սա անպատիժ թողնելը հավասար է դավաճանության։

Geplaatst door Raz Gasparyan op Donderdag 1 augustus 2019

Загрузка...