Ինչ վտանգավոր խանգարումներով կարող է պայմանավորված լինել մատների թմրածությունը

16

Ձեռքերի մատների թմրածությունը բավական հաճախ հանդիպող երևույթ է, որը չի համարվում հիվանդություն և որպես կանոն վտանգավոր չի, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ այս անվտանգ ախտանշանը հուշում է բավական լուրջ խանգարումների մասին:

Մասնագետների խոսքով՝ մատների թմրածության ամենավտանգավոր պատճառներից մեկը կարող է լինել ողնաշարի պարանոցային հատվածում ընթացող անբարենպաստ գործընթացները: Ընդ որում, դրանց թվում են ինչպես հասարակ լարվածությունն ու սպազմները, այնպես էլ ողերի ու առաձգական հյուսվածքների դեգեներատիվ խանգարումները: Բացի այդ, բժիշկներն ընդգծում են, որ երբեմն նման ազդեցություն կարող է ունենալ միջողային սկավառակի ճողվածքը:

Ձեռքերի մատների թմրածության մյուս հավանական վտանգավոր պատճառը սրտի աշխատանքի տարատեսակ խանգարումներն են: Օրինակ՝ նման ախտանշան կարող է նկատվել սրտամկանի ինֆարկտից առաջ: Սա է պատճառը, որ եթե թմրածությունը ժամանակավոր բնույթ չի կրում և կարճ ժամանակ անց չի անհետանում, ապա հարկավոր է անպայման դիմել սրտաբանին:

Եթե մատների թմրածությունն ուղեկցվում է նաև դյուրագրգիռությամբ, մելամաղձոտությամբ ու քնի խանգարումներով, ապա մեծ է հավանականությունը, որ այն պայմանավորված է B խմբի վիտամինների և հատկապես վիտամին B12-ի դեֆիցիտով: Բարեբախտաբար այս խնդրից ազատվելը շատ բարդ չէ, քանի որ պարզապես հարկավոր է ավելացնել սննդակարգում սպիտակուցներով հարուստ մթերքի ու հատիկեղենի մակարդակը:

Սակայն հարկ է նաև հիշել, որ որոշ դեպքերում մատների թմրածությունը կարող է շաքարային դիաբետի մասին հուշող ախտանշան լինել: Սա պայմանավորված է նրանով, որ այս հիվանդության դեպքում խանգարվում է արյան շրջանառությունը, ինչն առաջին հերթին բացասաբար է անդրադառնում վերջույթների մանր անոթների վրա: Սա է պատճառը, որ նման ախտանշանի դեպքում խորհուրդ է տրվում ստուգել նաև արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Загрузка...