Էրդողանը հայտարարել է՝ չի դադարեցնելու ռազմական գործողությունները Սիրիայում

17

Չնայած բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների հնչեցրած զսպվածության կոչերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում հետ կանգնել և զորքերը դուրս բերել Սիրիայից ու դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մենք մաքրելու ենք Եփրատի արևմուտքը ահաբեկչական կազմակերպություններից, ապահովելու ենք մեր սահմանների անվտանգությունը, ապա սիրիացիներին կվերադարձնենք իրենց բնակավայրերը: Ով՝ ինչ ուզում է՝ թող խոսի, մենք կանգ չենք առնի: Մենք չենք պայքարում քրդերի դեմ, մեր պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է»,-ասել է Էրդողանը։

Երեք օրում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով մահացել է մոտ 400 քուրդ։ Զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձինք։ Անկարան շարունակում է զոհերի մեծացող թիվը հաղթանակ համարել։

ՄԱԿ-ի վերջին տվյալներով Սիրիայի հյուսիսից տեղահանվել է 100 հազար մարդ։ Նրանց մի մասը ապաստան է գտել դպրոցներում, հանրակացարաններում։

«Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Թուրքիան սկսել էր հոկտեմբերի 9-ին։ Թուրքիան  նպատակ ունի այս գործողությամբ Սիրիայի հյուսիսը մաքրել Անկարայի տեսանկյունից ահաբեկիչ քրդերից ու թուրք-սիրիակն սահմանը դարձնել խաղաղ միջանցք։ Ռազմական գործողության ընթացքում թուրքական ուժերը նաև ռմբակոծել են սիրիական Կոբանի շրջանում ԱՄՆ զինված ուժերին։ Պենտագոնը հաստատել է այս լուրը, ավելացրել, որ ամերիկյան կողմում զոհեր չկան։

Միջազգային հանրության համար թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը նոր հումանիտար աղետի ահազանգ է։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Загрузка...