Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա

26

Երևանի կրկեսի նոր շենքը կառուցելու համար ահռելի աշխատանք է կատարվել։ Մնում է միայն ներքին հարդարման աշխատանքները ավարտին հասցնել։

Երևանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի 2020 թվականի վերջին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Երևանի կրկես» ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը։

«Շինարարական աշխատանքների ընթացքում երբևէ դադար չենք ունեցել։ Թե՛  ֆինանսապես, թե՛ տեխնիկապես ապահովված ենք։ Նախագծում դրական իմաստով որոշակի փոփոխություններ են եղել։ Քանի որ այժմ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, մենք փորձում ենք հետ չմնալ դրանցից` ձեռք բերելով արդիական ու գերժամանակակից սարքավորումներ»,-ասաց նա։

Այս պահին ամբողջովին ավարտել են շենքի կառուցապատման աշխատանքները։ Առաջիկայում կլուծվեն նաև մի քանի տեխնիկական հարցեր, և կմնա միայն շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել։

Ремонтные работы в новом здании Ереванского цирка

Դահլիճի համար նախատեսված նստարանների մի քանի նմուշ արդեն պատրաստ է։ Այժմ քննարկում են, փորձարկում, թե դրանցից որն ավելի հարմարավետ կլինի հանդիսատեսին։

Լուծվել է նաև ջրի խողովակների, կոյուղատարերի, էլեկտրականության և օդափոխության խնդիրը։ Այժմ աշխատանքներ են տարվում հակահրդեհային համակարգերի տեղադրման համար։

Շենքի վերջին՝  6-րդ հարկում կառուցվել են հյուրանոցային համարներ, որոնք նախատեսված են հատուկ կրկեսային հյուրախաղերի եկած արտիստների համար։

Ремонтные работы в новом здании Ереванского цирка
Երևանի կրկեսի նոր շենքի տանիքը

Ստորին հարկերում ավտոկայանատեղիից բացի, կա ազատ տարածք, որտեղ կբացվի արագ սննդի կետ, կինոթատրոն և ժամանցային կենտրոն։

Կրկեսի շենքի հարակից տարածքը ևս բարեկարգվել և կանաչապատվել է։

«Կրկեսի նոր շենքի դիմաց մոտ 2000 քառ․ մետր տարածքը վերածել ենք գեղեցիկ այգու։ Մոտ 150 դեկորատիվ ծառ ենք տնկել։ Տեղադրել ենք նստարաններ, լուծել ենք այգու լուսավորության հարցը»,-ասաց Հովհաննիսյանը։

Сад перед зданием Ереваснкого цирка
Կրկեսի դիմացի այգին

Նա շեշտեց, որ շինաշխատանքները ավարտին հասցնելը բավականին բարդ գործընթաց է։ Երբեմն, անգամ նախագծի չնչին փոփոխության դեպքում, ստիպված են լինում հսկայական աշխատանք իրականացնել։

Главный инженер Ереванского цирка Аваг Ованнисян

«Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 60 աշխատակից։ Հիմնական աշխատողների հետ ունենք աշխատանքային պայմանագրեր։ Համագործակցում ենք նաև այլ ընկերությունների հետ, որոնց աշխատակիցները ժամանակ առ ժամանակ որոշակի աշխատանք են իրականացնում»,- ասաց ինժեները։

Հովհաննիսյանի խոսքով՝ հասարակությունը ոչ միայն գոհ կմնա նոր կրկեսի շենքից, այլև չի ափսոսա երկար սպասելու համար։

Նախագիծն իրականացնելու համար հսկայական գումարներ են ծախսվել, բայց գլխավոր ինժեները իրավունք չի վերապահում հստակ թվեր նշել։

 

Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2011 թվականի մարտին, երբ Երևանի քաղաքապետարանն ու «Տաշիր» ընկերությունների խումբը համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբում նախատեսվում էր պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նոր շենք կառուցել, և 2012 թվականին կրկեսի հին շենքը քանդեցին։

 

Նոր շենքն ունի 8 հարկ` 6 վերգետնյա, 2 ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճում նախատեսվում է մոտ 2300 նստատեղ։ Առաջին հարկի բարձրությունը 4 մետր 50 սմ է, 2-ից 5-րդ հարկերից յուրաքանչյուրի բարձրությունը` 3 մետր 30 սմ, վերջին հարկինը` 4 մետր 10 սմ։

 

Загрузка...