Վարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին

19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին:

Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ եւ հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի եւ Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգեւոր եւ մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար:

Փոլ Ռիչարդ Գալլագերը նշել է, որ Սուրբ Աթոռը եւս բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական կապերն ու նշել Հռոմի պապի ջերմ զգացմունքները հայ ժողովրդի նկատմամբ: Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հավելել է, որ Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգեւոր ժառանգությամբ, ինչը խոսում է երկկողմ սերտ կապերի վկայության մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Սուրբ Աթոռի ներդրումը աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Նիկոլ Փաշինյանը եւ Փոլ Ռիչարդ Գալլագերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի կարագավորման գործընթացին եւ վերջին զարգացումներին:

Загрузка...