Գիտնականները ՄԻԱՎ-ի դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնաբերել

104

Թեմփլի համալսարանի մի խումբ մոլեկուլային կենսաբաններ Քեմել Խալիլի ղեկավարությամբ պատմության մեջ առաջին անգամ մարդու ԴՆԹ-ից պոկել-անջատել են այն հատվածը, որը պատկանում էր ՄԻԱՎ-ին: ԴՆԹ-ից անհրաժեշտ հատվածն առանձնացնելու համար մասնագետները կիրառել են գեների խմբագրման  CRISPR/Cas9 տեխնոլոգիան: Ընդ որում՝ գիտափորձերն անց են կացվել ողջ կենդանիների գենոմի վրա:

Ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ CRISP/Cas9 համակարգը կարող է հեռացնել մարդու բջիջներում ներդրված վիրուսի գեներն առանց օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալու: Սակայն այն ժամանակ գիտափորձերն անցկացվել էին ՄԻԱՎ վարակակրի օրգանիզմից վերցրած բջիջների վրա, և առ այսօր ապացուցված չէր՝ արդյունավետ կլինի արդյոք այս մեթոդը կենդանի օրգանիզմների համար, թե ոչ:

Վերջին գիտափորձերի ընթացքում գիտնականները պարզել են, թե հնարավոր է արդյոք այս մեթոդի օգնությամբ դուրս բերել ՄԻԱՎ-ը տրանսգենային առնետների և մկների օրգանիզմից: Գիտափորձից երկու շաբաթ անց գիտնականները կրկին հետազոտել են կենդանիների գենոմը և պարզել, որ ՄԻԱՎ-ի հատվածը հեռացված է բոլոր հյուսվածքներից, այդ թվում նաև գլխուղեղի, երիկամների, լյարդի, թոքերի ու փայծաղի հյուսվածքներից, ինչպես նաև արյան բջիջներից:

Загрузка...