ԱՄՆ-ն ցանկանում է թալիբների հետ գործարք կնքել 2020 թվականին

20

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թալիբների հետ գործարք կնքել այս տարի, սակայն եթե անգամ գործարքը չկայանա, Վաշինգտոնը մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում:

«Աֆղանական ուժերն ավելի լավ են կարողանում տիրապետել իրավիճակին, և ես կարծում եմ, որ շուտով, ինչ-որ մի պահի, համաձայնագրով կամ առանց համաձայնագրի մենք կկրճատենք մեր ռազմական ներկայությունն Աֆղանստանում»,- հայտարարել է Օ՛Բրայենն Axios պորտալին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը մտադիր է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրը կնքել մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, խորհրդականը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ այս տարի:

«Ես չեմ դատում իրողությունների մասին նրանով, թե երբ են տեղի ունենալու ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է գործարքն այս տարի տեղի ունենա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց դա պետք է լավ գործարք լինի»,- նշել է Թրամփի խորհրդականը:

Ավելի վաղ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և թալիբների քաղաքական գրասենյակի պատվիրակությունը 8 փուլով Դոհայում անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնեցրել էին խաղաղության պայմանագրի ծրագիր, որն իրենից ենթադրում է հրադադար, Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և համընդհանուր միջաֆղանական խաղաղության շուրջ բանակցությունների սկիզբ:

Սակայն թալիբների կողմից մի շարք ահաբեկչություններից հետո, ինչի հետևանքով զոհվեցին նաև ամերիկացի զինծառայողներ, նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել բանակցությունները «Թալիբանի» հետ և չեղարկել համաձայնագրի ստորագրումը:

Загрузка...