Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը դադարեցվել է, բայց այն շարունակում է ծնունդներ ընդունել, 2 օր առաջ երեխա է ծնվել. ծննդատան գործունեության շուրջ քննարկումներ են ընթանում մարզպետարանում. տնօրենի ԺՊ

19

Մարալիկի ծննդատան հետագա գործունեության հետ կապված մարզպետարանում քննարկումներ են ընթանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ Վռամ Մելիքյանը:

Վերջինս նշեց, որ չնայած ծննդատունը փակելու հրամանին, այն միշտ շարունակել է իր գործունեությունը: «Թեպետ հունվարի մեկից ծննդատան ֆինանսավորումը դադարեցվել է, սակայն այն շարունակում է ծնունդներ ընդունել, երեկ չէ առաջին օրը ծնունդ են ընդունել»,- ասաց նա:

Վռամ Մելիքյանը նշեց, որ ծննդատան աշխատանքները շարունակելու և ծնունդ ընդունելու համար առողջապահության նախարարությունից իրենց հետ չեն կապվել, ոչինչ չեն ասել:

Վռամ Մելքիյանը հավելեց. «Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: Քննարկումներ են ընթանում, տեսնենք, թե ինչ է լինում: Մեզ ժամանակ են տվել, որ այդ հարցերը կազմակերպենք՝ գործիքների, ծնելիության հետ կապված խնդիրները լուծենք»:

Ճշտող հարցին՝ տեխնիկայի հետ կախպված խնդիրների մասի՞ն է խոսքը, նա ասաց՝ այո:

Հարցին էլ՝ նախարարությունն առանց որևէ աջակցություն ցուցաբերելու ծննդատան վրա՞ է թողել տեխնիկայի խնդիրների լուծման հարցը, նա ասաց. «Այո, այս պահի դրությամբ քննարկում ենք, թե ինչ հարցերի շուրջ և ինչպես կարող ենք այդ բացերը լրացնել»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Եղվարդի ծննդատան փակվելու համար բողոքի ակցիա էին իրականացրել, ինչի արդյունքում ծննդատունը կշարունակի գործել: Մարալիկում ևս ծննդատան փակման համար ցույցեր տեղի ունեցան, սակայն այստեղ արդյունքը դրական չէր:

Загрузка...