Արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով՝ 21 և 26-ամյա կանայք Երևանի 34-ամյա բնակչից պահանջել են և ստացել են 1 մլն դրամ. 2 անձի մեղադրանք է առաջադրվել

20

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի երկու բնակչուհի՝ ծնված 1994 և 1999 թթ., միասնական դիտավորությամբ խոշոր չափերի գումար շորթելու նպատակով, Երևան քաղաքի 34-ամյա բնակչի հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, վերջինիցս պարբերաբար շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ 1.000.000  ՀՀ  դրամ գումար:  2020թ. հունվարի 10-ին` հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երևան քաղաքի Թևոսյան փողոցում բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով: 26-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա կնոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Загрузка...