ԱԺ-ի շենքը որոշակի փոփոխությունների կենթարկվի. դիզայնի եւ կատարողի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի

30

Առաջիկայում ՀՀ ազգային ժողովի շենքի արտաքին տեսքը կենթարկվի որոշակի փոփոխությունների: Խոսքը դեռեւս վերաբերում է միայն շինության արտաքին լուսավորությանը: Հնարավոր է այգու հետ կապված էլ որոշակի մտահղացումներ իրականացվեն: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, որը գաղափարի հեղինակներից մեկն է:

Շենքի ներսում եւս, ըստ նրա, փոփոխություններ են լինելու, սակայն արդեն բոլորովին այլ տրամաբանության մեջ: «Այս պահին միայն արտաքին լուսավորության մասին փոփոխություններն են շրջանառվում, մնացածի մասին մտածում ենք»,- ասաց Գալստյանը:

Առաջիկա շաբաթներին մրցույթ կհայտարարվի, որի արդյունքնում էլ կընտրվի դիզայնը, կատարողն ու արժեքները: «Այս պահին դեռ տեսլական ունենք, փորձել ենք պատկերի վերածել (լուսանկարում): Հենց ամեն ինչ մանրամասն ուսումնասիրվի կհայտարարենք համապատասխան մրցույթ: Քննարկել ենք, որ գեղեցիկ տեսքով Ազգային ժողով ունենանք»,-ասաց նա:

Գալստյանից հետաքրքրվեցինք, թե իր ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարում շենքի նախնական տարբերակի հեղինակն ով է: «Մեզ ծանոթ դիզայներ է արել, որեւէ ընկերության կամ անհատի չենք պատվիրել»,- ասաց նա:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ սկզբում սովորական քննարկում է եղել, որի արդյունքում էլ ծնվել է ԱԺ շենքի արտաքին տեսքի փոփոխման գաղափարը: Նրանից հետաքրքրվեցիքն, թե քննարկմանն ովքեր են մասնակցել, աշխատակազմի ղեկավարը նշեց, որ իր հետ միասին եղել են տեղակալներն ու մի քանի այլ անձինք: Անուններ տալ չցանկացավ: Ըստ Գալստյանի՝ լուսանկարում պատկերված տարբերակը փորձնական է արված: «Մենք մեր մի քանի ընկերներին խնդրել ենք, արել են: Ներկայացված մի քանի տարբերակներից համեմատաբար սա դուր եկավ, որն էլ տեղադրված է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է շենքը փոփոխությունների ենթարկելու թույլտվությանը, Գալստյանը նշեց, որ դեռ պետք է հիմնավորումներ ունենան, թե ինչու են ցանկանում փոխել իսկ մնացածը օրենսդրական առումով կուսումնասիրեն եւ կանեն ըստ դրա: Գալստյանը դժվարացավ ասել, թե նման պարագայում երեւանի քաղաքապետարանից թույլտվություն ստանալու կարիք կա՞ թե հարցն այլ կերպ էլ կարելի է կարգավորել:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ազգային ժողվի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Ազգային ժողովի շենքի արտաքին տեսքի փոփոխված լուսանկար եւ նշել, որ եթե այն դուր է գալիս, ապա մեկնաբանությունում դրեք +, եթե ոչ, ապա -: «Հարգելի ընկերներ, ներկա գումարման ՀՀ Ազգային Ժողովը պետք է ոչ միայն ժամանակակից լինի իր բովանդակությամբ, այլեւ արտաքին եւ ներքին տեսքով: Ներկայացնում եմ ձեզ խորհրդարանի շենքի արտաքին լուսավորության մեր պատկերացումները (դիզայնը)»,-գրել է Գալստյանը, հավելելով, որ շնորհակալ կլինի լսել դիզայնի բարելավման այլ առաջարկներ եւս:

Загрузка...