Ատրճանակ, հրացաններ, նռնակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ)

50

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին եկած Ծովազարդ գյուղի 24-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Իջևանի բաժին եկած 35-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակներ ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 346 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Այրում համայնքի 28-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է որսորդական հրացան ու «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Երիտասարդի հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։

«ՏՏ» տեսակի ատրճանակը, նռնակը, տարբեր տրամաչափի փամփուշտները ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է Գյումրու բնակիչ, 56-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Զենք-զինամթերքը գտել է հայրական տունը մաքրելիս։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Բռնակոթ գյուղի 51-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է ակոսափող հրացան՝ նախատեսված 5․6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Այն գտել է իրենց տան տանիքում։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 

Загрузка...