Կաշառքի դիմաց կեղծ բժշկական թղթերով 4 տղայի զինծառայությունից ազատելու եւ շուտ զորացրելու դեպքեր են բացահայտվել. ԱԱԾ

41

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ 2019 թվականին ընդգրկված լինելով զորակոչիկների բժշկական հետազոտման, փորձաքննության և բուժման համար ստեղծված հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու և դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ, այնուհետև նրա օժանդակությամբ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 4 զորակոչիկների հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ հիշյալ ծանոթը ինչպես վերը նշված, այնպես էլ այլ զորակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և զինծառայողներին ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամ զորացրելու նպատակով, վերջիններիս հարազատներից՝ որպես միջնորդ, պատկան մարմիններին կաշառք տալու համար 2019 թ.-ի ընթացքում ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 45.000 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Անհերքելի ապացույցների առկայության ներքո կաշառք ստացած հիշյալ պաշտոնատար անձը խոստովանել է կատարած հանցագործությունը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում բոլոր հանցադեպերը և կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Загрузка...