Վանաձորում շունը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա. կրակելն այլեւս արգելված է

15

Վանաձոր համայնքում տարիներ շարունակ թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվել է կրակելու եղանակով: Ամեն տարի համայնքի բյուջեից շներին կրակելու համար հատկացվում էր մոտ 4 մլն դրամ: 2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը: Դրանից հետո, ինչպես Վանաձորում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ համայնքներում, դադարեցվեցին կենդանիներին կրակելու միջոցով վնասազերծելու տխրահռչակ պրակտիկան:

Ու քանի որ ոչ բոլոր համայնքներն են, որ ունեն կենդանիների ապաստարաններ կամ ստերջացման համար նախատեսված լաբորատորիաներ, խնդիրը մնաց բաց: Թափառող շները շարունակում են հարձակվել մարդկանց, հատկապես երեխաների վրա, քիչ չեն նաեւ շան կծածի դեպքերը, մինչդեռ, օրինակ, Վանաձորում թափառող շների վնասազերծման ուղղությամբ հոկտեմբերից մինչ օրս որեւէ քայլ չի արվել:

Սոցիալական հարթակներում վանաձորցիները շարունակում են ահազանգել շների հարձակման մասին: Նմանատիպ դեպք գրանցվել է նաեւ երեկ: Օրը ցերեկով Վանաձորի Լազյան-Տերյան խաչմերուկում շները հարձակվել են ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանի քրոջ 10-ամյա որդու վրա ու գցել գետնին: Չնայած քաղաքացիները քարերով ու փայտերով հեռացրել են շներին, սակայն երեխան լուրջ վախեցել է, բժիշկները տղային հանգստացնող են ներարկել: Դեպքի մասին ահազանգելով՝ ԱԺ պատգամավորը հրավիրել է Վանաձորի քաղաքապետարանի ուշադրությունը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել նմանատիպ իրավիճակները կանխելու ուղղությամբ:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանի խոսքով՝ նախորդ տարի այդ նպատակով հատկացվել էր 4 մլն դրամ: Օրենքի փոփոխությունից ու ուժի մեջ մտնելուց հետո բյուջեով նախատեսված է 10 մլն դրամ. «Այսուհետ կենդանիներին կվնասազերծեն ստերիլիզացիայի միջոցով: 2020 թ.-ի համար նախնական պլանավորել ենք 10 մլն դրամ գումար: Այս պահին տարբեր լաբորատորիաների հետ բանավոր ու գրավոր քննարկումներ ենք անում, առաջիկա մի քանի օրվա մեջ մենք մրցույթ կհայտարարենք, որպեսզի կենդանիների վնասազերծումն արդեն այս տարբերակով արվի»,- ասաց Կարեն Պառավյանը՝ նշելով որ մինչ մրցույթ հայտարարելը, մրցույթը շահելն ու աշխատանքների մեկնարկը՝ քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել:

Պառավյանն ասում է, որ Վանաձորում պահանջվող ու նմանատիպ տեխնիկական բնութագրմամբ որեւէ կառույց չկա, համայնքն ինքը եւս չունի նման ՊՈԱԿ: Ամեն տարի հատկացված 4 մլն դրամ գումարից 1 շանը կրակելով սատկացնելու վրա ծախսվել է շուրջ 2000 դրամ գումար:

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը ՀԺ-ին հայտնեց, որ 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչ օրս մարզում գրանցվել է շան կծածի 39 դեպք, որից միայն Վանաձորում՝ 16 դեպք:

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանը մտահոգված է թափառող շների խնդրով: Ասում է՝ թեպետ ինքը կենդանասեր է, սակայն մարդկանց, հատկապես երեխաների անվտանգությունն էլ պակաս կարեւոր չէ. «Իրավիճակն իսկապես մտահոգիչ է, ես լինելով շուն սիրող՝ չեմ կարող հանգիստ նայել քաղաքի տարբեր թաղամասերում ոհմակներով շրջող շներին»:

Կարինե Ղուկասյանին մտահոգում է նաեւ այն, որ չնայած քաղաքապետարանը դադարեցրել է շներին կրակելու գործընթացը, սակայն այդ ամենը հիմա էլ անհատների կողմից է արվում. «Ունենք մի քանի դեպքեր, երբ քաղաքացիներն իրենք ինքնուրույն գնում են մի գործընթացի, որը վտանգավոր է քաղաքացիների ու շներին սիրողների համար: Շնասերներս հայտնաբերում ենք սատկած շներին, դիմում ենք ոստիկանություն, իհարկե, գործընթացն այդպես էլ ավարտին չի հասցվում, սակայն այդ ժամանակ հասկանում ենք նաեւ, որ քաղաքացիները թեկուզ եւ իրենց պաշտպանելու համար դիմում են վտանգավոր քայլերի՝ իրենց զենքերով կրակելով շներին»:

Загрузка...