Հանրապետության դպրոցներում որոշակի ժամանակահատվածում աշակերտների բացակայությունները կզրոյացվեն. Արայիկ Հարությունյան

38

Հունվարի 8-ից մինչեւ փետրվարի 14-ը, 6-օրյա դպրոցների դեպքում մինչեւ փետրվարի 15-ը, հանրապետության դպրոցներում արձանագրված բացակայությունները կզրոյացվեն:

Այս մասին այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Այսպես, եթե երեխաները հիվանդ են, կմնան տանը, կկազդուրվեն, ապա նոր կգնան դպրոց, չեն վարակի մյուսներին, եւ չի լինի 120 դասաժամը լրացնելու խնդիրը: Նկատենք, որ աշակերտներն իրավունք ունեն դասերից բացակայել առավելագույնը 120 դասաժամ: Հակառակ դեպքում հաջորդ դասարան փոխադրվելու համար պետք է քննություններ հանձնեն:

Նախարարը նաեւ հավելել է, որ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցված բացակայություններն էլ կհամարվեն հարգելի, եթե լինի բժշկի տեղեկանքը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը պայմանավորվել է Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի բժշկական հաստատություններում խստությունը պահպանվի, եւ դպրոցականների համար կեղծ տեղեկանքներ չտրվեն:

«Դպրոցները փակելու, դասերը հետաձգելու որեւէ առիթ չկա, պարզապես մենք հնարավորություն ենք ստեղծում, որ այն երեխաները, որ այս ժամանակահատվածում ունեցել են բացակայություններ սուր շնչառական հիվանդությունների պատճառով, իրենց բացակայությունները համարվեն հարգելի, իրենք ավելորդ խնդիրներ չունենան»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ուսումնական հաստատություններն էլ իրենց հերթին պետք է հնարավորություններ ստեղծեն, որ երեխաները լրացնեն այս ընթացքում բաց թողնվածը:

Загрузка...