Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու համար Իրանի հետ սահմանը փակելն այս պահին ամենաարդյունավետ քայլն է. մտահոգություն ունեմ, որ տեխնիկապես պատրաստ չենք նման համաճարակային իրավիճակի. համաճարակաբան

45

Հայաստան-Իրան սահմանը փակելն այս պահի դրությամբ ամենաարդյունավետ քայլն է, որ ինչ-որ չափով նվազեցնում է կորոնավիրուսի՝ Հայաստան հասնելու ռիսկերը: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը:

Ինչ վերաբերում է արդեն Հայաստանում գտնվող Իրանից ժամանած անձանց, ըստ համաճարակաբանի, տեսականորեն հնարավոր է նրանց բոլորին ստուգել՝ պարզելու վիրուսի առկայությունը:

«Ըստ Առողջապահության նախարարության՝ դիագնոստիկ միջոցներ կան. եթե բավական մեծ պաշար լինի անալիզ անելու համար, ապա տեսականորեն հնարավոր է բոլորին ստուգելով՝ բացառել կամ հաստատել վիրուսի առկայությունը»,-նշեց Զաքարյանը:

Վերջինս ընդգծեց՝ միայն մարդու ջերմությունը չափելու դեպքում վիրուսը հնարավոր չէ բացահայտել. «Վիրուսն ինկուբացիոն շրջան ունի, որի ժամանակ որևէ ախտանիշ չի դրսևորվում: Կարող է սահմանը հատել մեկը, որի մոտ առկա է վիրուս, բայց դա ախտանիշներով չդրսևորվի, ջերմաչափը ցույց կտա մարմնի նորմալ ջերմաստիճան, բայց անձը կլինի վիրուսակիր և այդ ընթացքում կվարակի նաև բոլորն նրանց, որոնց հետ մոտ շփման մեջ կլինի: Ջերմաչափի արդյունավետությունը հավասար է 0-ի»,-պարզաբանեց համաճարակաբանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստան վիրուսի մուտքը բացառելու ուղղությամբ մինչ օրս պատկան մարմինների նախաձեռնած գործողությունները, Զաքարյանը պատասխանեց, թե ենթադրում է, որ Առողջապահության նախարարությունն ունի մշակած ինչ-որ ռազմավարություն, բայց քանի որ ինքը չի մասնակցել այդ քննարկումներին, որևէ ներքին ինֆորմացիա չունի, թե որքանով է այդ ռազմավարությունն արդյունավետ:

«Ընդհանրապես, ի՞նչ ռազմավարություն կա այն դեպքում, եթե ախտորոշվի մի վիրուսակիր. դա ինձ համար անհայտ է: Ավելին՝ ես մտահոգություններ ունեմ, որ մենք տեխնիկապես նույնիսկ շատ պատրաստ չենք նման համաճարակային իրավիճակներին: Տեխնիկապես ասելով՝ նկատի ունեմ հիվանդանոցների՝ սարքավորումներով ապահովվածությունը, մեկուսարանների առկայությունը, ինչպես նաև՝ մասնագետների ապահովվածությունը»,-ասաց համաճարակաբանը:

Դիտարկմանը, թե փակվել է Հայաստան-Իրան սահմանը, բայց, օրինակ, Հայաստան-Չինաստան սահմանը շարունակում է բաց մնալ, իսկ Չինաստանը վարակի փոխանցման հիմնական երկիրն է, Զաքարյանն արձագանքեց.

«Հավանաբար, Կառավարության կողմից ինչ-որ հաշվարկներ կան արված, որ փակվում է հենց այս սահմանը: Բայց եթե կան այլ երկրներ, որտեղ վիրուսը կա, և այդ երկրների հետ կա շատ ինտենսիվ ուղևորափոխադրողում, բնականաբար էլի ռիսկեր ու վտանգներ կան, որ այդ երկրներից Հայաստան կարող են ժամանել վիրուսակիրներ: Հետևաբար՝ ռիսկը մնում է, դա լինի Չինաստանի, Իտալիայի, թե այլ երկրի դեպքում»:

Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանը երկու շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը։

Загрузка...