Կորոնավիրուսով վարակվածների մեջ կան դպրոցահասակ երեխաներ. նրանց վիճակը ծանր չէ

11

Կորոնավիրուսով վարակվածների մեջ կան դպրոցահասակ երեխաներ. նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որեւէ սիմպտոմ չունեն. այս մասին այսօր ասուլիսում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրություն որեւէ մեկի մոտ առկա չէ, եւ շատ է սրա մասին խոսվել, որ երեխաները միգուցե դառնան վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց իսկ օրգանիզմի վրա վիրուսի ազդեցությունը մեծ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համենայն դեպս, աշխարհում հրապարակված դեպքերի շարքում կամ գիտական հոդվածների մեջ հակառակի մասին հրապարակում չկա, ինչը նաեւ ակնառու է մեր երկրում արձանագրված դեպքերի պարագայում:

Վարակված երեխաներին խնամում են: «Մեկուսացումն արվում է ծնողների  հետ՝ համապատասխան հյուրանոցային վայրերում։ Ապագայում եթե որոշում կայացվի, որ հյուրանոցներում այլևս չենք անելու, դա կարվի իրենց տանը, իրենց իսկ ընտանիքների հետ»,- ասաց Թորոսյանը:

Սակայն, նախարարի խոսքով, երբ մենք նշում ենք որոշակի տարիքային խմբի՝ նվազ խոցելի լինելու մասին, պիտի հաշվի առնենք, որ խոսում ենք տվյալ տարիքային խմբի առողջ ներկայացուցիչների մասին: «Եթե կա, օրինակ, իմունիտետի բնական դեֆիցիտ, կամ ձեռբերովի, կամ այլ հիվանդության բուժման ժամանակ մենք արհեստական իմունոդեֆիցիտ ենք առաջացնում որեւէ անձի, այդ թվում՝ երեխայի մոտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային որեւէ ինֆեկցիոն հիվանդության՝ նաեւ այս ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ: Եվ այո, մենք պիտի հավելյալ ջանքեր գործադրենք քիմիաթերապիա ստացող երեխաների պաշտպանության կամ այլ՝ նշված վիճակներում գտնվող երեխաներին պաշտպանելու համար: Առավել քան, պրակտիկ առողջ երեխաներին: Որոնց իհարկե, պետք է պաշտպանել, որ նրանք չվարակեն այլ երեխաների, վերջիններս՝ մեծերին, եւ այդպես՝ ավելի շատ ռիսկի խմբի մարդկանց՝ տարեց, քրոնիկ հիվանդություն ունեցողներին:

Փոխանցման շղթաները պետք է կոտրել բոլոր տիրույթներում: «Հետեւաբար պիտի պահպանենք հեռավորության, ձեռքերը լվանալու եւ շփումների քչությունը պահպանելու կանոնները»,- կրկնեց նախարարը:

Загрузка...