Վաղվա ընտրությունը կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում. համոզված եմ՝ գիտակցում եք պահի լրջությունը. ԱՀ ԿԸՀ նախագահ

62

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի այսօր նախատեսված մամուլի ասուլիսը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով տեղի ունեցավ ոչ թե լրագրողների ու դիտորդների մասնակցությամբ, այլ առցանց:

«Արցախի ընտրական պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի եւ նախագահական ընտրությունները կանցկացվեն համաժամանակյա». Վաղը կայանալիք համապետական ընտրությունների նախօրեին անցկացվող ասուլիսի մեկնարկին այս մասին հայտարարեց Արզումանյանը: Ըստ նրա՝ առաջին անգամն է նաեւ, որ Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Սա նախատեսված է 2017 թվականի փետրվարի 20-ին ընդունված նոր Սահմանադրությամբ:

Արզումանյանն ընդգծեց նաեւ, որ 29 տարվա անկախ պետության համար վաղվա համապետական ընտրությունները 15-րդն են:

Խոսելով ընտրությունների նկատմամբ դիտորդների եւ ԶԼՄ-ների ուշադրության մասին՝ ԿԸՀ նախագահը ներկայացրեց անկախությունից ի վեր այդ առումով գրանցված դինամիկայի մասին: Մասնավորապես, ըստ Արզումանյանի, եթե 1991 թվականի հանրաքվեն դիտարկել են 40 դիտորդներ, ապա 2019-ին տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները դիտարկել են 324 դիտորդներ:

«Այսօր պատկերը շատ ավելի ընդգրկուն է. վաղը կայանալիք ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 963 դիտորդ, 231 ԶԼՄ ներկայացուցիչ»,- հայտարարեց Արզումանյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ 38 դիտորդներ եւ 40 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ հնարավորություն չունեն ներկա գտնվելու այս ընտրություններին:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունած եւ Արցախ ժամանած դիտորդներին ու լրագրողներին՝ Արցախի ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ նրանք էլ բավարար են՝ ընտրությունների լեգիտիմությունը ապահովելու համար: Մասնավորապես, ըստ Արզումանյանի, հաշվի առնելով, որ Արցախում կազմավորվել է 280 ընտրական տեղամաս, ապա կարելի է ասել, որ յուրաքանչյուր տեղամասում գոնե 3 դիտորդ կարող է լինել: Եթե սրան էլ գումարում ենք լրագրողներին, ապա ստացվում է, որ ցանկության դեպքում բոլոր տեղամասերը եւ տեղամասերից դուրս իրավիճակը հնարավոր է վերահսկել:

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի ընձեռած հնարավորությունների մասին՝ Սրբուհի Արզումանյանը նկատեց, որ երեկ Արցախի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճը նոր ԸՕ պահանջ էր:

Որպես նորություն վաղը կկիրառվեն նաեւ մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալիս ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո առկա փաստաթղթերը ներկայացնել տեղամասեր: Տեղամասերում կլինեն նաեւ նոր քվեախցիկներ, որոնք ապահովում են ընտրության գաղտնիությունը, ինպես նաեւ խոշորացույցներ՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածման վտանգին՝ այս իմաստով ԿԸՀ նախագահի առաջին խորհուրդը կուտակումներից հնարավորինս խուսափելուն էր վերաբերում: Մնացած մասով՝ մասնավորապես տեղամասերի ախտահանման, անհատական դիմակների, ձեռնոցների, գրիչի տրամադրման մասով ԿԸՀ-ն արդեն ամեն ինչ հոգացել է:

Արզումանյանն անդրադարձավ նաեւ ընտրողների թվին՝ հայտարարելով, որ Արցախում 103 663 ընտրող կա:

Խոսելով քարոզարշավի ընթացքում թեկնածուների հայտարարությունների, արձանագրված խախտումների, հնչած դժգոհությունների մասին, Արզումանյանն ասաց. «Քարոզարշավը աչքի ընկավ հուզական բարձր մակարդակով: Դա պայմանավորված էր նաեւ թեկնածուների մեծ թվով: Այս պարագայում ընտրական պրոցեսը չէր կարող զերծ լինել որոշակի թերություններից, անգամ խախտումներից»: ԿԸՀ նախագահը վստահեցրեց, որ բոլոր ահազանգերով զբաղվել են իրավապահ մարմինները, խախտումները, թերությունները, բացթողումները կամփոփվեն եւ ԿԸՀ-ն կներկայցնի հանրության դատին:

Իր խոսքում Արզումանյանը նաեւ ընդգծեց.

«Արցախում ընտրություններ են տեղի ունենում մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի համավարակը աշխարհի գրեթե բոլոր երկրներին ստիպել է գնալ սահմանափակումների: Մենք ընտրությունները կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում, համոզված եմ յուրաքանչյուրդ գիտակցում եք այս պահի լրջությունը: Հավատացնում եմ՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ձեր համար կստեղծեն ապահովության զգացողություն»:

ԿԸՀ նախագահը ասուլիսի ավարտին տեղեկացրեց, որ վաղը նախատեսված ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն մինչեւ ապրիլի 1-ի ժամը 20:00-ն: Այսօրվանից սկսած ԿԸՀ-ում կգործի թեժ գիծ. 8008 կարճ համարին կարող են զանգահարել բոլոր նրանք, ովքեր կցանկանան հարցեր ուղղել ընտրական գործընթացի վերաբերյալ: 

https://www.facebook.com/cecnkr.am/videos/2582905208651679/

Загрузка...