Իտալիայում կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև ապրիլի 13-ը․ «ՌԻԱ Նովոստի»

61

Իտալիայի կառավարությունը որոշել է մինչև ապրիլի 13-ը երկարաձգել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար գործող սահմանափակումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի տարածած հայտարարությանը։

«Եթե ժամանակային սխալ թույլ տանք և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի տակ կդնենք ամենադժվար շաբաթների ընթացքում մեր գործադրած ջանքերը։ Սա մեր տնտեսության շարժիչը կրկին միացնելու, մեր կյանքի սոցիալական հարթությունը վերականգնելու և մեզնից անբաժան ազատությունը կրկին նվաճելու միակ գործող եղանակն է»,- նշել է նա երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Երկուշաբթի Սպերանցան հայտարարել է, որ կառավարությանը կից գիտատեխնիկական հանձնաժողովի նիստում կարանտինային ռեժիմն առնվազն մինչև Սբ Զատիկ  երկարաձգելու  անհրաժեշտության մասին է հայտարարվել։

«Մինչև ապրիլի 13-ը տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակման մասին կառավարության որոշումը բխում է Գիտատեխնիկական հանձնաժողովի ցուցումներից»,-նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի բացակայության հետևանքով  կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը դեռևս երկար է։

«Նախազգուշական միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային շրջանում՝ վարակման նոր օջախներից խուսափելու նպատակով»,- ընդգծել է նախարարը։

Իտալիայի ամբողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվել մարտի 10-ից սկսած։ Իշխանությունները փակել են բոլոր կրթական հաստատությունները, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, սպորտային համալիրները, երկրում չեղարկվել են բոլոր զանգվածային միջոցառումները։

Загрузка...