Ճգնաժամը նաև մարտահրավեր է մշակույթի ոլորտին՝ նորոգելու սեփական դեմքը. Արայիկ Խզմալյան

72

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի նկատամամբ ոչ միայն չի նվազել, այլ որոշ դեպքերում նկատում ենք հետաքրքրության շեշտակի աճ: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

«Մեր պետական կառույցների ֆեյսբուքյան էջերի հետևորդների քանակը բազմապատկվում է և խնդիր ունենք, որ ճգնաժամի հաղթահարումից հետո այս տվյալները չնվազեն»,-ասաց նա և նշեց, որ այստեղ կոնկրետ քայլեր են պետք, որոնք սկսել են իրականացնել:

Արայիկ Խզմալյանն ասաց, որ, օրինակ՝ Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հեռարձակել է 6 ներկայացում, Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկել է առցանց խաղացանկ նախագիծը, և երեկ ցուցադրվել է առաջին ներկայացումը, որը շուրջ 40 հազար դիտում է ունեցել, բոլոր թատերահամերգային կազմակերպություններում առցանց միջոցառումները շարունակվում են:

«Մենք ցուցակագրում ենք ճգնաժամային իրավիճակում անհատ արվեստագետների, տարեց, անժառանդ ստեղծագործողների ցանկը, քանի որ աջակցության կարիք ունեն, և պարտդիր չէ, որ միայն ֆինանսական աջակցության կարիք լինի: Առողջապահության նախարարությունը համապատասխան բժշկական պարագաները տրամադրում է, և կամավորներն այցելում են նրանց և աջակցում են՝ դեղերի ձեռք բերումից սկսած՝ մինչև կենցաղային անհրաժեշտ պարագաներ, և հիմա բանակցում ենք հովանավորների հետ»,-ասաց նա:

Փոխանախարարը նշեց, որ բոլոր այն փոխակերպումները, փոփոխությունները, որոնք պետք է լինեին, ենթադրենք, մեկ տարի հետո, երկու տարի հետո, ճգնաժամը այդ փոփոխությունները արագացնում է, և այդ ամենը պետք է արվի վաղը, այսօր: «Սա նաև մարտահրավեր է մշակույթի ոլորտին՝ նորոգելու սեփական դեմքը, կառավարման մոդելների տրամաբանությունը, նորոգելու հանդիսատեսի՝ իրենց ընկալումը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ մարդիկ շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձը, քննարկում են հավելյալ աջակցության խնդիրը, քանի որ պետական կառույցներում հաստիքներ կան, որոնք արտաբյուջետից են սնուցվում, ինչը սոցիալական խնդիր է առաջացրել: «Այն հանդիսատեսը, որը ճգնաժամից հետո է մտնելու թատրոն, այլևս այն հանդիսատեսը չէ, որը ճգնաժամից առաջ էր մտնում»,-ասաց նա:

Արայիկ Խզմալյանը նկատեց, որ ավելի շատ միջազգային ծրարգերը կտուժեն, և տարվա երկրորդ կեսը կլինի միջոցառումներով ծանրաբեռնված:

Загрузка...