Ծնվել է Լալա Մնացականյանի թոռնիկը. դերասանուհու հուզմունքն ու փոքրիկի համար ընտրված հետաքրքիր անունը

30

Դերասանուհի Լալա Մնացականյանը երկրորդ անգամ տատիկ է դարձել։ Նրա և նկարիչ Աշոտ Համբարձումյանի դուստրը՝ Մանեն, որդի է ունեցել։

Լալա Մնացականյանը Tert.am Life-ին պատմել է իր զգացողությունների և փոքրիկի համար ընտրված հետաքրքիր անվան մասին։

«Աղջիկս և իր ամուսինն առաջին երեխայի սեռը չէին պարզել, երկրորդ երեխայի սեռն էլ բավականին ուշ իմացան՝ մոտ 2 ամիս առաջ՝ աղջկաս տարեդարձի օրը, հետաքրքիր ձևով բացահայտեցինք սեռը։ Իրենք չէին կարևորում սեռը։ Երբ հարցրեցի՝ ի՞նչ անուն են մտադիր տալ երեխային, աղջիկս ասաց՝ մամա ջան, գաղտնի ենք պահում։) Հետաքրքիր է, որ ես գիտեի, որ երեխան ծնվելու է մայիսի 13-ին՝ չնայած բժիշկներն ասել էին մայիսի վերջին, անունն էլ Արէ է լինելու։ Մի անգամ մտքումս զրուցում էի աղջկաս հետ ու ասում՝ հաստատ Արէ են դնելու երեխայի անունը։ Ես չեմ կարող բացատրել՝ ինչպես դա գիտեի, բայց մայրիկներն ինձ կհասկանան, որովհետև մենք անբացատրելի կապ ունենք մեր երեխաների հետ»,- ասաց նա ու հավելեց, որ ավագ թոռնուհու անունն էլ Էվա է։

Դերասանուհին նկատեց, որ իրենց ընտանիքի համար «Է» տառը մեծ կարևորություն ունի, այն ամենահայկական տառն է։

Նա նշեց, որ մայիսի 12-ից արդեն անհանգիստ էր. «Դա մայրական անհանգստություն է, որը նորմալ է։ Բոլոր մայրերի էմոցիաները նույնն են, չես կարող չանհանգստանալ»։

Տատիկը դեռ չի հանդիպել թոռնիկին, քանի որ խստորեն հետևում է անվտանգության կանոններին։ Նա նկարով է տեսել փոքրիկին, ասում է՝ երեկ բոլորովին այլ դեմք ուներ, այսօր՝ ուրիշ. «Դեմքից երևում է, որ «մուժիկ» է։ Տղամարդկային հատկություններն արդեն նկատելի են։ Հետաքրքիր է, որ Արէի համար միանգամից հանգիստ եմ, գիտեմ, որ իր գլխի ճարը կտեսնի, բա տղամարդ է։ Աղջկա համար այլ կերպ ես դողում, անհանգստանում»։

Լալա Մնացականյանը նշեց, որ թեև դուստրը շատ ինքնուրույն է, ինքն էլ, իր ամուսինն էլ, դստեր սկեսուրն էլ օգնում են նրան. «Աղջկաս ամուսինն էլ է շատ օգնում նրան։ Այս սերունդը մեր սերնդի պես չէ, թեև անձամբ ես Աշոտից բողոքելու տեղ չունեմ, բայց այս սերնդի տղաները հավասարաչափ կիսում են կանանց հոգսը։ Աշոտը հիմա էլ է շատ օգնում մեզ, այս օրերին ամուսինս ավելի շատ է զբաղվում ավագ թոռնիկիս խնամքով ։) Իհարկե, մեծ պատասխանատվությունն իրենցն է։ Ծնողը պատասխանատու է իր երեխայի համար։ Ես իմ աղջկան էլ, իմ փեսային էլ միշտ ասում եմ՝ եթե ձեզ պես զավակներ պիտի ունենաք, շատ ունեցեք, որովհետև երկուսդ էլ շատ կարգին մարդ եք»։

Загрузка...